ՌԴ ԱԳՆ. Շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում էր կայունանալ

Շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում էր կայունանալ: Հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև սադրանքներ չեն եղել ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` հաջողվում է առանց լուրջ միջադեպերի ապահովել այս տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը:

«Նշված դրական միտումներն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից հաստատված գծի ճշտության ծանրակշիռ ապացույցն են և ներկայումս գործնականում լիարժեքորեն իրականացվում է կողմերի կողմից: Այս տրամադրվածությունը գերակշռում է նաև մեր արտասահմանցի գործընկերների շրջանում, ովքեր աշխարհաքաղաքականության կատեգորիաներով չեն մտածում` զրոյական գումարով խաղերի տեսանկյունից»,- շեշտել է Զախարովան:

Ընդ որում, ինչպես նշել է Զախարովան, նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող հարցերի ամբողջ համալիրը մնում է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Նոյեմբերի 23-ին և 24-ին Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև մի շարք հեռախոսազրույցներ են տեղի ունեցել: Քննարկվել են ռուս խաղաղապահների աշխատանքի մոդուլյարությունը, բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը և իհարկե` կրոնական և մշակութային օբյեկտների պահպանմանն ուղղված միջոցառումները: Այս թեմաները կենտրոնական էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա նորանշանակ հայ գործընկերոջ հեռախոսազրույցների ընթացքում: Ընդհանուր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Իրանի արտաքին գործերի նախարարի միջև: Այս շփումների վերաբերյալ մեկնաբանությունները հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի կայքում»,- հայտնել է Զախարովան, տեղեկացնում է News.am: