Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2021 թվականի սակագները:

Սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ:

Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների գումարային մեծությունը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի համար կազմում է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագներից պակաս է 1,753 դրամով:

Բանն այն է, որ 2022 թվականին նախատեսվում է ջրամատակարարման ու ջրահեռացման սակագների աճ, որը մեղմելու համար ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Վեոլիա ջուր» ընկերությունը քննարկել են 2021 թվականի համար հաշվարկված սակագների տարբերությունը՝ 1.761 դրամը, 2022թ տեղափոխելու ու այդպիսով 2022 թվականին սպասվող սակագինը ևս անփոփոխ պահելու հարցը:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից, տեղեկացնում է Sputnik Armenia: