Գոհար ՄԵԼՈՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ԵՎ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՏԵՎՈՒՄ Է ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ

Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը», ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Հայաստանի իշխանություններն ամենօրյա ռեժիմով այնքան սխալներ են գործում, որ դրանցից յուրաքանչյուրի կործանարար հետևանքների վերլուծությունը և ինչ-որ եղանակով նվազեցումը տարիների, եթե ոչ տասնամյակների տաժանակիր աշխատանք է պահանջելու։

Վերոնշյալի համատեքստում՝ Հայաստանի ազգային հարստություններից մեկը՝ հազարավոր աշխատատեղեր ապահովող Սոթքի ոսկու հանքն Ադրբեջանին հանձնելու «եղանակը և ընթացքը» ուղղակի անկրկնելի է։

Արդյոք աշխարհում եղե՞լ է դեպք, երբ որևէ պետություն իր ամենամեծ ոսկու հանքը հանձնի մեկ այլ, այն էլ՝ թշնական պետությանը, բացառապես մի քանի ժամերի ընթացքում՝ GPS սարքի միջոցով կատարված հետազոտության հիման վրա, որի իսկությունը վիճարկվում է բազմաթիվ մասնագետների կողմից։

Համոզված եմ, որ ոչ։

Միջազգային պրակտիկայում պետությունների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տևում է տասնամյակներ։

Այդ նպատակով ստեղծվում են մասնագիտացված հանձնաժողովներ, որոնք տարիներ շարունակ բուռն վեճեր են ունենում նույնիսկ մեկ փոքրիկ բլրակի պատկանելիության վերաբերյալ։

Իսկ Հայաստանի իշխանությունները Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, որն ապահովում է տաս հազարից ավելի անձանց բարեկեցությունը, մեր պետության 4-րդ հարկատուն է՝ ժամերի ընթացքում հանձնեցին Ադրբեջանին։

Տնտեսական աղետի նախաշեմին դադարեցվում է ՀՀ արդյունաբերական ամենամեծ հզորություններից երկուսի՝ Սոտքի ոսկու հանքի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեությունը, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնվում է ծանր նոկաուտի մեջ։

Զուտ թվերի առումով աղետի աստիճանը հասկանալու համար բավարար է նշել, որ 2019 թվականի ընթացքում Սոտքի հանքն ապահովել է ՀՀ արտահանման ամբողջ ծավալի մոտ 9 %-ը, իսկ 2020 թվականին, հաշվի առնելով ոսկու գնի կտրուկ աճը, հաստատապես ավելի շատ։

Նիկոլ Փաշինյանի սխալների, դավադրությունների կործանարար հետևանքներից է նաև այն, որ Հայաստանը դեռ երկար լուրջ չի ընկալվելու աշխարհում որևէ պետության կամ գործարարի կողմից։

Հ.Գ. Այնուամենայնիվ, որևէ մեկը կարող է բացատրել՝ ի՞նչ նպատակով էր Հայաստանի իշխանությունների կողմից տեղադրվում Քարվաճառ տանող դարպասը, եթե հաջորդ օրն Ադրբեջանի զինված ուժերը պետք է կոտրեին կամ շրջանցեին այն՝ հասնելով մինչև Սոթքի հանք»։

Aysor.am