Դավիթ Բաբայան. ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստի անվտանգության ամրապնդմանը
Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր երկարաժամկետ հեռանկարում ԼՂ տարածքում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Որպես այս երկրի փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ՝ գտնում եմ, որ այստեղ ՌԴ ռազմաբազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք. Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի, և ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Ադրբեջանին ագրեսիայի դրդի, իսկ եթե գորհայինները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բան անել: Այդ դեպքում նրանք կարող են միտումնավոր փորձել հարվածել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չեմ խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ վատ իրավիճակում դնելու մասին»,-ասել է Բաբայանը:
Վերջինիս համոզմամբ՝ այս առնչությամբ տեղին քայլ կլիներ ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումը:
«Համենայնդեպս, դա շատ ավելի կամրապնդեր այստեղ անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։