Փորձագետները կանխատեսում են դրամի հետագա արժեզրկում ևս 10-20 տոկոսով

Ներկայումս Կենտրոնական բանկն ակտիվորեն ինտերվենցիա է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից: Դա, ըստ էության, պետական ծախս է, բացի այդ, պահուստները ևս անչափելի չեն: Այս մասին News.am-ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այդ միջոցները երկարաժամկետ արդյունք չեն ունենա, և դրամի փոխարժեքը կշարունակի աճել, քանի որ բացասական գործոնները շարունակում են խորանալ. տնտեսական անկում, ներդրումների կրճատում (ուղիղ ներդրումների անկում 20 տոկոսով), պետական եկամուտների կրճատում, սպեկուլյացիա, քաղաքական ապակայունացում, բացասական սպասումներ:

«Բացի այդ, բացառված չէ, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք կսկսեն հանել իրենց դրամային դեպոզիտները և փոխանակել դրանք դոլարով, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Ներկայիս իշխանություններն այդ խնդիրը լուծել չեն կարող, քանի որ ղեկավարվում են բացառապես իրենց նեղ կուսակցական և անձնական շահերով, իսկ նրանց կողմից ընդունված որոշումների հիմքում ընկած է ոչ թե իրավիճակի օբյեկտիվ գնահատական, այլ բացարձակ պոպուլիզմ: Դրամի փոխարժեքի շարժը կախված է նրանից, թե ինչ հրաման կտա վարչապետը Կենտրոնական բանկին, և կախված է նաև պահուստային պաշարներից»,-նշեց փորձագետը:

Իր հերթին, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը News.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես իրեն կդրսևորի դրամի փոխարժեքը:

«Դրամի փոխարժեքի վրա լուրջ զսպող ազդեցություն է գործում ԿԲ-ի քաղաքականությունը: Դրամի արժեզրկումը, անկասկած, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանում դոլարացումը կազմում է 50-55 տոկոս, օրինակ, դեպոզիտային հաշիվների տեսքով, և դրամի փոխարժեքը կախված է նաև այդ ցուցանիշից: Ցնցումների ժամանակ մարդիկ սկսում են դրանք փոխանակել: Սուբյեկտիվ գործոնների դեպքում դրամի արժեզրկումը կանխվում է ԿԲ-ի ինտերվենցիաներով: Սակայն ամենից հաճախ պատճառներն օբյեկտիվ են: Կարծում եմ՝ փոխարժեքի նվազեցումը կլինի էական, սակայն ոչ աղետալի. ներկայիս ցուցանիշից արժեզրկում 10-20 տոկոսով, ոչ ավել»,-նշեց նա:

Միքայելյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կախված է արտաքին առևտրային հավասարակշռությունից, այլ տնտեսական ցուցանիշներից, օրինակ՝ տուրիզմի ոլորտում, որի ցուցանիշները, քիչ հավանական է, որ կաճեն, ինչպես նաև քաղաքական կայունությունից, ինչը Հայաստանում չի նկատվում: