Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը դեկտեմբերի 1-ին Արցախի Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանին անցնելուց հետո սահմանամերձ է դարձել։ Համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Արկադի Խաչատրյանը News.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղն այժմ սահմանից առավեագույնը 400 մետր է հեռու, իսկ հայկական դիրքերը՝ գյուղից 200։

«Ահագին առաջ ենք եղել, ամսի 1-ին հետ ենք եկել 8 կմ։ Դե ինչ անենք՝ պետական սահմանը էդտեղով է անցնում, բանը դա է, սահմանը GPS-ով են գծում։ Ժամանակին՝ 23 թվին, էդ տարածքը մեր գյուղինն է եղել, ասել են՝ վարելահող է եղել, տվել են թուրքերին, տենց էլ մենք տուժել ենք։ Հիմա գյուղի միակ ճանապարհի երեք կողմով իրենք են։ Կյանքի ճանապարհն է, դա էլ մեր կյանքի ճանապարհն է․․․»,- ասաց նա։

Գյուղի դիրքերը պահում է տեղացիներից կազմված ջոկատը։

«Գյուղի ազգաբնակչությունն է միայն, օգնող ուժեր չունենք։ Մարդը, որ երկու օր պետք է կագնի, 5 օր է կանգնում, 10 օր պետք է կանգնի, 15 օր է կանգնում։ Անցած ամսի 20-ից դիրքեր ենք պահում»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղացիների տրամադրությունը վատ չի «Մենք մեր գյուղն ենք պահում, դրանով ենք մտածում, որ արդար գործ ենք անում»։

Գյուղի արոտավայրերի և արտերի զգալի մասը մնացել են սահմանից այն կողմ։

«Գյուղատնտեսության պրոֆիլը պետք է փոխենք, պետք է ջերմոցային տնտեսությամբ զբաղվենք, ինտենիսվ անասնաբուծությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։

Կոռնիձորը 1050 բնակիչ ունի, գյուղից, Արկադի Խաչատրյանի խոսքով, այս պահին արտագաղթ չկա։