Տեր Հովհաննես․ «Գիտե՞ք` երբվանից սկսեցինք պարտվել»

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը միացել է այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարաներին։ Նա տերունական աղոթք հնչեցրեց Ազատության հրապարակում, ապա դիմեց հավաքվածներին։

«Այսօր ես շատ տխուր եմ, որովհետև կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ, որովհետև այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում` հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ` մենք մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում»,– ասաց նա։

Այնուհետև հոգևորականը դիմեց հանրահավաքի մասնակիցներին։

«Սիրելի ներկաներ, գիտեմ, որ այստեղ եկել եք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել։ Եթե այդպիսիք կան, խնդրում եմ` վաղը, մյուս օրը հավաքվենք և գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պիտի մաքրենք մեր երկիրը։ Սա դեռ սկիզբն է։ Այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայություն են մատուցել մեր հոգևորականների ներկայությամբ։ Այսօր դրա մասին պիտի մտածենք։ Գիտե՞ք` երբվանից սկսեցինք պարտվել։ Երբ սկսեցինք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել` սևեր–սպիտակներ, արցախցիներ–հայաստանցիներ։ Մենք հայ ենք»,– շեշտեց նա։

Տեր Հովհաննեսի խոսքով` մենք պիտի ապաշխարենք, մեր մեջ պիտի լինի աստվածային սեր, այդ դեպքում մենք կգնանք ու կհաղթենք։

«Մեր տարածքները մեզ են սպասում»,–իր ելույթը եզրափակեց Դադիվանքի վանահայրը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։