Լավրով․ Ղարաբաղի հարցով հումանիտար կենտրոնին կմիանան Հայաստանն ու Ադրբեջանը
Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման աշխատանքին ներգրավել այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք խոսել ենք նաև հարցերի մասին, որոնք կապված են հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման հետ: Սա նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այդ կետրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը, դրա իրականացմանը մասնակցելու են ռուսական շատ նախարարություններ և գերատեսչություններ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը նախանշել են գերիների փոխանակման և Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցերի լուծման մի շարք քայլեր:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված միջոցառումները սկսում են իրականացվել «առավելագույն արդյունավետությամբ»:
ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ղարաբաղի հարցով ՄԱԿ գնահատման առաքելությունը տարածաշրջան կուղևորվի դեկտեմբերի կեսին: