Վազգեն Մանուկյան. Սա նախևառաջ արժանապատվության շարժում է

Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ, հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը։ Այս մասին գրառում է արված շարժման ֆեյսբուքյան էջում։

«Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։

Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։

Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել»,-հայտարարել է Մանուկյանը։

Նա շեշտել է, որ ժողովրդի աջակցությամբ կձևավորվի ազգային համաձայնության նոր կառավարություն, որի կհաջորվեն հրատապ խնդիրների լուծման աշխատանքները՝ նախապատրաստելով նոր ընտրությունների։

Վազգեն Մանուկյանը կարևորել է գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում ու ընդգծել, որ իրենք չեն ուզում ցնցումներ։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։

«Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։

Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»,-ասել է Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։