Ալիևն ասել է, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքու չի հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այստեղ գալը (Բաքու - խմբ.) ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել ևս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջև, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,- Ալիևի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am: