Տեսանյութի 3 հայ քաղաքացիները գերեվարվել էին ավելի վաղ

Ադրբեջանցիների կողմից շրջանառության մեջ դրված երեք հայ քաղաքացու գերեվարման տեսագրությունը կատարվել է ավելի վաղ, գերեվարված երիտասարդները դեկտեմբերի 14-ին վերադարձել են Հայաստան՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Տեսանյութը շրջանառվում է երեկվանից, որի համաձայն՝ գերեվարվածները քաղաքացիական անձինք են, որոնց նկատմամբ ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու պահանջել արտաբերել ոչ միայն Արցախն Ադրբեջանինն է, այլ նաև «Հայաստանն Ադրբեջան է» արտահայտությունը։ Տեսանյութում ադրբեջանցիները հարվածում են դիմադրելու հնարավորությունից զրկված՝ ձեռքերը կապված հայ տղաներին։

«Փաստինֆո»-ն փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, սակայն Ավինյանի խորհրդական Վ.Հունանյանը հարցին ի պատասխան առաջարկեց տեսանյութի մանրամասների վերաբերյալ տեղեկությունը ճշտել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» աղբյուրներից:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ տղաների գերեվարման կադրերը հավաստի են, բայց դրանք արվել են ավելի վաղ, պարզապես հիմա է դրվել շրջանառության մեջ։ Տեսանյութում երևացող քաղաքացիները՝ Անդրանիկ Սարգսյանը, Խաչիկ Գրիգորյանը և Արման Թովմասյանը այժմ գտնվում են Հայաստանում։ Նրանք Հայաստան են տեղափոխվել դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման գործընթացի շրջանակում։