Սյունեցիները Երևան-Գորիս ճանապարհը փակ կպահեն այնքան, մինչև ազատ չարձակվի Գորիսի համայնքապետը
Երևան-Գորիս ավտոճանապարհը փակ է։ Սյունեցիները ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ չարձակեն, տեղեկացնում է News.am-ը։
«Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի է։ Պահանջում ենք, որ հանգիստ ձևով բաց թողեն նրան։ Երբ կգա մեզ մոտ ու կասի, որ ազատ է, մենք էլ ճանապարհը կբացենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց սյունեցիներից մեկը։
Նշենք, որ սյունեցիները վաղ առավոտից ցանկանում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ, սակայն նրանց ոստիկանական ուժերը չթույլատրեցին և նրանք մնացին Շինուհայրի խաչմերուկում։ Ոստիկանները փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս, որ սյունեցիները դուրս գան Գորիս քաղաքից։
Վաղ առավոտյան ձերբակալվել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով ավելի վաղ կոչ էր արել, որ գորիսեցիները միանան ավտոերթին, և թույլ չտան, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիքի մարզ։ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է նա բերման ենթարկվել՝ հայտնի չէ։