Գախարիա. Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է

Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է, և ներկայիս իրավիճակում Թբիլիսիի շահերից է բխում տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, տեղեկացնում է News.am:

«Այսօր պետք է շատ զգույշ գնահատել և խոսել տարածաշրջանի իրավիճակի մասին, քանի որ տեղի ունեցածի վերջնարդյունքը, ցավոք, դեռ ոչ ոքի համար պարզ չէ: Դրա համար ժամանակ է պետք: Սակայն միանշանակ պարզ է, որ Վրաստանի անվտանգության և տարածաշրջանում նրա շահերի ամրապնդման համար մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելու համար: Վերջին զարգացման արդյունք դարձավ այն, որ տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացավ»,-ասել է Գախարիան, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել պահպանել հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները»: