Մենուա Հովսեփյան․ Ադրբեջանցիները ժամանակ են տվել Որոտանի բնակիչներին՝ լքելու իրենց բնակավայրը

«Թուրքը գալիս՝ իր սահմանը հաստատում է Samsung հեռախոսով, որի մեջ առկա քարտեզը բավականաչափ ի վնաս մեզ է ցույց տալիս սահմանագիծը, իսկ երբ նույն տեղը կանգնում ու վերցնում ես «Iphone» հեռախոս՝ ի օգուտ մեզ է ցույց տալիս սահմանները։ Ինչի՞ ենք մենք լռում, երբ թուրքը իր տեղը հաստատում է սմարթֆոնով։ Մենք էլ կասեինք «Iphone»-ով ենք ուզում հաստատենք»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով երեկվա աղմկահարույց դեպքին, երբ ադրբեջանցիները ժամանակ էին տվել Որոտանի բնակիչներին՝ լքելու իրենց բնակավայրը, միևնույն ժամանակ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, Որոտանի վարչական շրջանի ղեկավարն ու տան սեփականատերն են միասին բանակցել ռուս սահմանապահների հետ, որպեսզի թշնամուն համոզեն, որ հայկական տարածքում գտնվող տունը մնա Որոտանին։ Հովսեփյանը նշեց, որ կարողացել են համոզել և ադրբեջանցիների տրված ժամանակը կասեցվել է։

Տանը, որտեղից քաղաքացիները պետք է դուրս գային, բազմամարդ՝ մինչև 9 հոգանոց ընտանիք էր ապրում։ Տունն էլ անմիջապես ճանապարհի եզրին է՝ մայրուղուց մեկ մետր հեռավորության վրա։ Սյունեցիները հիմա տանը չեն մնում՝ սպասում են ռուս սահմանապահների պատասխանին, որի համար հստակ ժամ չեն պայմանավորվել, բայց ռուսական կողմի հետ կապի մեջ են։

«Պայմանավորվածությունը եղել է ռուսների հետ հետևյալ կերպ. այդ տան բնակիչներն էլ են դուրս եկել, ադրբեջանցիներն էլ են լքել այդ վայրը, այսպես ասած՝ դա մնացել է չեզոք տարածք։ Մենք մեր փաստարկներն ենք ներկայացրել ռուսներին, որ այլ տեսակի հեռախոսով նույն տարածքում սահմանն այլ տեղ է ցույց տալիս՝ բավականին հեռու։ Օրինակ՝ «Iphon» հեռախոսներով Սյունիքը Իրանի իսլամական հանրապետությանը կապող Մ2 մայրուղին 95 տոկոսով չի մտնում այդպես կոչված ու Նիկոլի հիմնած Ադրբեջանի տարածք»,- ասաց Հովսեփյանը։

Սյունիքում հույս չունեն, որ իշխանությունները կգան բանակցելու, փոխարենը սպասում են, որ «խելքը գլխին» ներկայացուցիչ կմոտենա, հասկանալու՝ ի՞նչ է կատարվում։ Փոխարենը ուշ երեկոյան պաշտոնական հայտարարություն տարածվեց, թե տարածքը, որտեղ տունը կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում:

«Խնդիրը նրանում է, որ այս տունը վիճահարույց տարածքում չի գտնվում, դա գտնվում է այսպես ասած վիճահարույց տարածքից բավականին հեռու։ Այս տրամաբանությամբ եթե շարունակվի, վստահ ենք, որ շատ շուտով ինչ ունենք այս պահին՝ այլևս չենք ունենալու։ Մեր ձեռքից հերթով թուրքը բոլորը վերցնելու է, քանի որ չկան ադեկվատ մարդիկ, չունենք այնպիսի իշխանավորներ, ովքեր գան ու պայքարեն, հասկանան՝ ի՞նչ է կատարվում»։

Երեկ գիշերն էլ են Գորիս-Որոտան ճանապարհին մի քանի անգամ նկատել են Ադրբեջանական զորքերին, որոնք անցնում էին հայկական տարածքներով։

«Երեկ ամբողջ օրը՝ 5-6 անգամ թուրքական սահմանապահ զորքը մեծ մեքենաներով մտել են ճանապարհի տարբեր հատվածներ՝ իշխանությունն էլ ստում է, կեղծիք է տարածում, թե չեն մտնելու, հեռու են լինելու։ Իրանց դրոշն էլ սիրուն տնկել են Որոտանում տարածքում ու հաստատել, թե դա իրենցն է»։

Հովսեփյանն էլ է զարմացած՝ ինչպես են հեռախոսով սահման որոշում, այնինչ Առուշ Առուշանյանի դատական գործն է լսվելու՝ կալանք կիրառելու հետ կապված, Քաջարանի քաղաքապետն էլ Քննչական կոմիտեում է ու սյունեցիները ստիպված են ապօրինի որոշումների դեմ պայքարել, փոխանակ զբաղվելու հայրենիքի պաշտպանությամբ։

«Ի՞ նչ է ուզում, ուզումա խելոք տա, մենք էլ չխանգարե՞նք, չխոսե՞նք։ Չի լինելու նման բան»,- ասաց Հովսեփյանը։