«ԻՆՔՆԱՎԱՐ ՍՅՈՒՆԻՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻՆ

Մի քանի օր առաջ պաշտպանության նախարարությունը «հանգստացրեց» ՀՀ քաղաքացիներին, կտրականապես հերքելով լուրերն այն մասին, որ հրաման է ստացվել Տավուշի մարզի երկու գյուղերից զինվորական ստորաբաժանումների դուրսբերման մասին, և այդ գյուղերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ակամայից հիշեցինք Ավինյանի այն հայտարարությունը, թե Սոթքի հանքի վարչական շենքը մնալու է Հայաստանի տարածքում, ինչպես նաև իր՝ Փաշինյանի հայտարարությունները, թե «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան անձեռնմխելի»: Ընդ որում՝ առանց հստակեցման. իսկ հատկապես ո՞ր «միջազգայնորեն ճանաչված սահմանները», ռուսների և ադրբեջանցիների կողմից GPS-ով գծած ու Ալիևի կողմից ճանաչվա՞ծ։

Անհնար է սթափ դատողությամբ ու պարզ գիտակցությամբ գնահատել այն անդունդի ողջ խորությունը, ուր մեզ հրել է Փաշինյանի իշխանությունը 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում: Այսօր մենք արդեն փաստորեն չենք խոսում Արցախի մասին, մենք խոսում ենք Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մասին։ Պատերազմի ավարտից ընդամենը մեկուկես ամիս անց ողջամիտ քաղաքացիները ահազանգում են արդեն ոչ թե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բաժանված, խոշտանգված ու պատառոտված Արցախի՝ համայն հայության երբեմնի հպարտության հանձնվող տարածքների մասին, այլ գոռում և պայքարում ենք Սյունիքի համար՝ ինքնիշխան Հայաստանի տարածքի, մեծն Նժդեհից մեր ժառանգած հայոց անառիկ ամրոցի, ողջ Հայաստանի ողնաշարի և խորհրդանիշի։

Փոքր Սյունիք-Արցախ, Մեծ Սյունիք-Զանգեզուր. այս ամբողջությունը, որը դեռևս մի քանի ամիս առաջ անսասան բաստիոն ու Հայաստանի անվտանգության և պետականության գրավական էր թվում, նոյեմբերի 9-ից սրընթաց փլուզվում է ոչ միայն չարաբաստիկ հայտարարությունը, այլև հավանաբար այլ՝ հայտնի չէ թե ինչ բախտորոշ փաստաթղթեր ստորագրած Փաշինյանի ջանքերով…

Լրահոսում լիառատ են հաղորդագրությունները՝ «Ադրբեջանցիները պահանջում են Շուռնուխ գյուղի կեսը», «Ադրբեջանցիները հաստատվել են Որոտան գյուղում», «Գորիսի 12 տուն անցնում է ադրբեջանցիներին» վերնագրերով: Հրապարակում չի դադարում մարդկանց հանրահավաքն ու բողոքի ակցիաները, որոնք փորձում են բառացիորեն փրկել Հայաստանը դավաճանությունից ու հավանաբար նաև հայոց պետությունը ոչնչացնելու կամ թրքացնելու (ինչը նույն բանն է) նպատակով կազմակերպված դավադրությունից։ Սյունիքի սահմաններին տեղացի աշխարհազորայիններն ինքնապաշտպանություն են կազմակերպել և վճռական են պաշտպանելու իրենց հողը՝ պետական աջակցության բացակայության, երկրում տիրող անիշխանության և Հայաստանի բանակի ղեկավարության կողմից աջակցության գործնական չցուցաբերման պայմաններում…

Ի՞նչ է անում իրեն վարչապետ հորջորջող անձնավորությունն այս խորապատկերին։ Շրջապատում է իրեն ոստիկանների մի քանի շարքով, առաջ նետում ներքին զորքերն ու հատուկ ջոկատայիններին. ոչ թե դեպի սահման, այլ կառավարության շենք, և անվտանգ զգալով իրեն՝ սիրելիին, ձևացնում է, թե կառավարության սովորական նիստ է ընթանում։ Միաժամանակ բռնաճնշումներ ու հետապնդումներ սանձազերծում ընդդիմության առաջնորդների և բողոքող քաղաքացիների դեմ՝ փորձելով վախեցնել ժողովրդին։ Իսկ գլխավորը՝ հրամայում է քրեական հետապնդում սկսել նրանց դեմ, ովքեր բոլոր այս երեք ամիսներին նստած են եղել խրամատներում՝ Հայաստանի և Արցախի սահմաններին, նրանց, ովքեր պաշտպանել են Հայրենիքը, և այսօր, պատերազմի իբր ավարտից հետո, չեն կարողանում դուրս գալ այդ խրամատներից, քանզի Սյունիքն ու Հայաստանը վտանգված են։ Ավելին, Նիկոլը հրամայում է հավաքել ինքնապաշտպանական ջոկատների զենքն ու դրանով իսկ զրկել նրանց պաշտպանվելու հնարավորությունից։

Իսկ բացի այդ, Նիկոլը փորձում է քրեական գործեր սարքել Սյունիքի ղեկավարների՝ ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարների դեմ և կա՛մ փակել նրանց ճաղերի հետևում, կա՛մ ստիպել լռել ու ենթարկվել իր հանցավոր հրամաններին։ Միանգամից երկու պատճառով։

Նախ՝ Գորիսի, Քաջարանի և Սիսիանի քաղաքապետներ Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը և Արթուր Սարգսյանը ձախողեցին Փաշինյանի ցինիկ այցը՝ ստիպելով նրան ծլկել Սյունիքից։ Այսպիսով, ինչպեսև Սիսիանի եկեղեցու ավագերեցը, նրանք դարձան Նիկոլի անձնական թշնամիները, որոնց դեմ նա բռնաճնշումներ սկսեց Երևան վերադառնալուց անմիջապես հետո։ Անձնական մանր վրեժխնդրությունը այդ ոչնչության հավատամքն է, որը չի ճանաչում այլ արժեքներ, բացի սեփական բարեկեցությունից ու սեփական անհագ հավակնություններից։

Բայց Նիկոլի համար շատ ավելի կարևոր է գլխատել Սյունիքը և այդպիսով թիկունքից աջակցել յուզգյար Ալիևին։ Օգնել թուրքին առանց գեթ մեկ կրակոցի զավթել արդեն Հայաստանի տարածքը, կիլոմետր առ կիլոմետր, տուն առ տուն։ Ալիևի ճանապարհին կենաց ու մահու կռիվ տալու պատրաստ կանգնած սյունեցի քաջերը Փաշինյանի համար հանցագործներ են։ Այդ ողորմելի արարածի համար Հայրենիքի պաշտպանության միտքն անգամ ատելի է, ինչպեսև Հայրենիքի, նրան նվիրվածության, հայրենասիրության գաղափարը։ Դրա համար էլ այն նվիրյալները, որոնք այդ գաղափարների կրողն են և պայքարում են հանուն դրանց, Նիկոլի բացարձակ հակապատկերն են և նրա ոխերիմ թշնամիները։ Այդ մարդիկ խորհրդանշում են ամեն վսեմը, լուսավորը, սուրբը, մշտնջենականը, այսինքն՝ այն ամենը, ինչը հասու չէ Փաշինյանին ու իր զինակիցներին, խորթ, վտանգավոր իրենց անձի և իրենց իշխանության համար։ Այդ քաջերը ծայրաստիճան վտանգավոր են Հայաստանը թուրքերի միջանցիկ բակի վերածել ձգտող դավաճանների և թշնամու գործակիցների համար, քանզի ձգտում են ձախողել այդ ծրագրերը։

Պարադոքսալ է, բայց փաստ. Նիկոլին այսօր շատ ավելի մտերիմ են Ալիևն ու Էրդողանը, քան սյունեցիներ Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, քան Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովը, Արման Սաղաթելյանը, Ռուբեն Մելիքյանը, Արման Թաթոյանը, Միհրան Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Կարեն Վրթանեսյանը, Աբրահամ Գասպարյանը, Ռուբեն Մխիթարյանը... բոլոր նրանք, ովքեր գիտակցում են Հայաստանի գլխավերևում կախված ահավոր վտանգը և գիտակցում սեփական պատասխանատվությունը։ Նիկոլին պետք չեն Սյունիքի հայրենասերներն ու քաջերը. նրան պետք է ամբոխ, որին կարելի է անվերջ զոմբիացնել ու խաբել, իսկ «լայվերով» ուշադրություն շեղելով՝ Ալիևին հանձնել հայկական նորանոր տարածքներ։

Նիկոլ Փաշինյանը պատերազմ Է հայտարարել Սյունիքին. այսօր։ Նա փորձում է զրկել սյունեցիներին առաջնորդներից, որպեսզի իր Բաքվի ընկերոջ համար հնարավորինս թեթև առաջխաղացում ապահովի Հայաստանի տարածքում։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ողջ Հայաստանին. Գարեգին Նժդեհի այն իսկական, ճշմարիտ, սրբազան, ինտելեկտուալ, հոգևոր, հզոր, հերոսական Հայաստանին, որի գոյությունն ինքնին ատելի է Փաշինյանի համար ճիշտ այնպես, ինչպես որ ատելի է թուրքերին։

Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920թ. դեկտեմբերի 25-ին, Տաթևի վանքում հռչակվեց Ինքնավար Սյունիք հանրապետությունը՝ Գարեգին Նժդեհի փաստացի ղեկավարությամբ։ Մեկ դար անց Փոքր Սյունիք–Արցախը հանձնվում է թուրքերին, Իսկ Մեծ Սյունիք-Զանգեզուրը կանգնած է Հայաստանից օտարման և վաղուց թուրքացված հայկական Նախիջևանի հետ ադրբեջանցիների հաղորդակցման հասարակ տրանսպորտային միջանցքի վերածվելու ահռելի վտանգի առջև։

Այսօր ոչ միայն Արցախին ու Սյունիքին, այլև ողջ Հայաստանին է սպառնում Նախիջևանի ճակատագրին արժանանալու մեծ վտանգը՝ անմեղսունակ սուբյեկտի հրեշավոր ցանկությունների կատարման համար, որը գլխովին ծախվել է ոչ միայն թուրքերին, այլև բոլոր նրանց, ում համար ուժեղ, արժանապատվությամբ ու հավատով առլեցուն Հայաստանը ասես կոկորդին կանգնած ոսկոր լինի, որը պետք է ամեն գնով կուլ տալ։