ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին և պարգևատրել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոն օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:

Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:

 «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ, գնդապետ Վադիմ Գարշենը, ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը, սերժանտ Եվգենի Սոպիլնյակը, ավագ սերժանտ Խամզա Խամբաբաևը, սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն, կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը:

Հավելենք, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ: Փրկարարի առաքելությունը մարդասիրական է, և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի։ Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. խաղաղ երկինք ձեզ և ձեր ընտանիքներին»,–նշել է նա:

Կարեն Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են, տեղեկացնում է Sputnik Armenia: