ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ «ՕԳՈՒՏ»

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգլխավորի տնտեսական կապերի և Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով աշխատանքային խումբը: Այդ մասին Aysor.am-ին հաղորդել է փոխվարչապետի գրասենյակը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես նաև սահմանների բացման թեմայով: Այս մասին երեկ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ընդհանրապես զարմանալի կլիներ, եթե վերոնշյալ աշխատանքային խմբում հայկական կողմի ներկայացուցիչը լիներ ոչ թե Մհեր Գրիգորյանը, այլ մեկ այլ փոխվարչապետ: Ինչպես հայտնի է, հենց նա է արդեն երեք տարի շարունակ վերահսկում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հարցերը և, իհարկե, Ավինյանը չէ, որ պիտի մասնակցի մի գործընթացի, որում առանցքային դեր է խաղում Մոսկվան։ Բայց սա վերաբերում է երկու փոխվարչապետների միջև ընտրության գործոնին։ Այլ բան է, որ Հայաստանի համար այսչափ բախտորոշ, պատասխանատու և ակնհայտորեն վտանգավոր այդ հարցում երկիրը ներկայացնելու է մի պաշտոնյա, որն առ այսօր, մեղմ ասած, աչքի չի ընկել բանակցային հաջողություններով։

Թերևս, բանակցողի դերում Գրիգորյանի ձախողման ամենավառ օրինակներից մեկը դարձավ հայ-ռուսական գազային օրակարգը։ 2018 թվականից բանակցություններ էին ընթանում Հայաստանի համար ռուսական գազի գնի իջեցման շուրջ, որոնք արդյունքում ավարտվեցին գնի բարձրացմամբ։ Այո, իհարկե, այդ ձախողման համար նախևառաջ պետք է «շնորհակալություն» հայտնել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին։ Բայց փոխվարչապետից էլ շատ բան էր կախված, մինչդեռ նրա աշխատանքն այդ ուղղությամբ հաստատ արդյունավետ չես անվանի։ Համենայն դեպս Գրիգորյանն այս հարցում չկարողացավ պաշտպանել իր ներկայացրած երկրի շահերը։ Եվ դա, նկատեք, առևտրատնտեսական գործընկերների և ռազմաքաղաքական դաշնակիցների հետ շփումների պարագայում։ Եվ ուրեմն ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա աշխատանքից՝ մի ձևաչափում, որտեղ պետք է հարցեր լուծել ռազմաքաղաքական թշնամիների և առևտրատնտեսական մրցակիցների հետ։

Թեպետ, ասվածը վերաբերում է ոչ միայն անձամբ Գրիգորյանին։ Այն աղաղակող դիլետանտիզմի, բացահայտ անգրագիտության ու անիրազեկության պայմաններում, որ տիրում են հայկական գործադիր իշխանության կազմում, որևէ մեկին հիշյալ աշխատանքային խումբ գործուղելն ընդհանրապես թվում է ոչ միայն պարզապես ռիսկային, այլև առհասարակ ինքնասպան գաղափար։ Առայժմ մի կողմ թողնենք հիմնավոր կասկածներն առ այն, որ այս հարցում նույնպես հայկական կողմը գիտակցաբար ընտրել է «ցավոտ» զիջումների կապիտուլյանտային ճանապարհը։ Նույնիսկ եթե նման նպատակ (զիջումների) չկա, գործող հայկական կառավարության ներկայացուցիչներն օբյեկտիվ պատճառներով ի վիճակի չեն փորձել ինչ-որ կերպ պաշտպանել Հայաստանի շահերը։

Եվ ոչ միայն այն պատճառով, որ հանդես կգան, ինչպես այդ թիմի ղեկավարը, պարտվողի ու ստորացվածի դիրքերից։ Կրկնեմ, նույնիսկ տարրական գիտելիքներն ու փորձը բացակայում են սկզբունքորեն։ Այսպիսին է այն կադրային քաղաքականության արդյունքը, որն արդեն ավելի քան երկու տարի արմատավորում է Փաշինյանը։ Այս ամենն ասում ենք՝ նկատի ունենալով, որ քանի դեռ այս իշխանությունը մնում է ղեկին, Հայաստանին սպասվում են կորուստներ կորուստների հետևից, նորանոր զիջումներ, շարունակական կապիտուլյացիաներ։

Այժմ՝ ինչ վերաբերում է համատեղ աշխատանքային խմբի ապագա աշխատանքի էությանը, այն խնդիրներին, որոնք նա պետք է լուծի, և հայկական կողմի համար նույնիսկ ոչ մեծ երկարաժամկետ օգուտների բացահայտ կասկածելիությանը: Բոլոր մանրամասների վրա կանգ չենք առնի, ուշադրության կառնենք միայն մեկ պերճախոս նրբություն, որը բառացիորեն ցաքուցրիվ է անում այն վարկածը, թե հունվարի 11-ի համատեղ հայտարարության մեջ կա Հայաստանի համար դրական գոնե ինչ-որ բան։

Ահա ուրեմն, հայտարարության երրորդ կետում, մասնավորապես, նշվում է, որ փորձագիտական ենթախմբերը աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնեն նախագծերի ցանկը, հիմնավորելով անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները՝ դրանց իրականացման և բարձր մակարդակով եռակողմ հաստատման համար։ Անմիջապես հարց է ծագում։ Ավելի ճիշտ՝ երկու հարց։ Եվ երկուսն էլ՝ հռետորական։

Հարց առաջին. կարո՞ղ ենք արդյոք մենք առհասարակ ակնկալել, որ հայկական կողմը նույնիսկ ոչ թե մեկամսյա ժամկետում, այլ ընդհանրապես կներկայացնի որևէ նախագիծ: Խոսքը, բնականաբար, Հայաստանի կառավարության ներկայացուցիչների անիրազեկության նույն այդ աղաղակող մակարդակի մասին է։ Ավաղ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հայկական շահերի շեշտադրմամբ նախագծեր մենք դժվար թե տեսնենք։ Հարց երկրորդ. որտեղի՞ց է հայկական կողմը ռեսուրսներ գտնելու այն նախագծերի ֆինանսավորման համար, որոնցից գոնե ինչ-որ օգուտ է ակնկալում: Ակնհայտ է, որ իր «օգուտը» Հայաստանի կառավարությունն անկարող է ֆինանսավորել. գանձարանը դատարկ է, տնտեսությունը՝ կաթվածահար։ Ներդրողներ ընդգրկել նույնպես չի կարող. այս կառավարությանը ոչ ոք չի վստահում։ Կրկնում եմ, խոսքը հայկական շահերը հաշվի առնող նախագծերի մասին է։

Մինչդեռ մեր հակառակորդներն ունեն երկու հարցերի կոնկրետ պատասխանները։ Նախ, նույն այդ նախագծերը նրանք պատրաստել են շատ վաղուց։ Երկրորդ, նրանց փողերն էլ կբավականացնեն իրականացման համար։ Այսպիսով, նույնիսկ օբյեկտիվ պատճառներով՝ Ադրբեջանը ամենակարճ ժամկետում կարող է տրանսպորտային կապ ապահովել Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը դժվար թե կարողանա իրապես օգտվել Ռուսաստանի հետ հաղորդակցության հնարավորությունից։

Այո, այս համատեքստում չարժե անտեսել Մոսկվայի դիրքորոշումը և նրա հնարավոր շահագրգռվածությունը Հայաստանի հետ տրանսպորտային կայուն կապի հարցում։ Բայց ակնհայտ է և այն, որ Երևանի հետ կապերի (այդ թվում՝ տրանսպորտային) հարցում Մոսկվայի շահագրգռվածության մեջ բնավ ոչ վերջին, իսկ գուցեև առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի կանխատեսելիությունը։ Մինչդեռ Հայաստանի կառավարության գործող թիմի պարագայում նման կանխատեսելիության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Չմոռանանք Վլադիմիր Պուտինի խոստովանությունն այն մասին, որ իրեն զարմացրել էր Փաշինյանի հրաժարումը դեռևս հոկտեմբերի 20-ին պատերազմի դադարեցման պայմաններն ընդունելուց (այն ժամանակ՝ շատ ավելի շահավետ)։ Պուտինը անշուշտ չի մոռանում, որ Փաշինյանը կարող է զարմացնել իրեն…

Ակնհայտ է, որ և՛ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, և՛ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը կմնան խայտառակ, կապիտուլյանտային էջեր Հայաստանի պատմության մեջ ։ Բայց ակնհայտ է նաև, որ քանի դեռ երկիրը պատանդ է այս թիմին, որն ունակ չէ, ավելի ճիշտ՝ չի ցանկանում նույնականացնել և առաջնորդվել հենց Հայաստանի, այլ ոչ թե նրա թշնամիների ազգային ու պետական շահերով, մի քանի մռայլ-խայտառակ էջերով մեր պատմությունը հաստատ չի սահմանափակվի։

Основная тема:
Теги: