ԽՈՍՔ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ: ԵՎ ՔՈ ՄԱՍԻՆ

Այսօր ես պետք է խոսեմ Կնոջ մասին։ Մոր, Տիկնոջ, Քրոջ մասին. Փրկիչ էակի: Այսօր, երբ թշնամու նողկալի ընկեցիկը, սև մորմն իր թունավոր ծնոտը խրել է Հայրենիքիս սրտի մեջ, իսկ նրա իբր լավագույն զավակները, ամեն ինչ մի կողմ թողնելու և այդ զազրելի արարածի ոչնչացման համար ջանքերը համախմբելու փոխարեն, զբաղված են նրանով, որ ձգում են իշխանության լաթակար ու արդեն գրեթե լրիվ քրքրված վերմակն ամեն մեկն իր վրա, և թվում է, թե փրկություն ակնկալել արդեն ոչ մի տեղից չես կարող, ու քեզ համար լավագույն ելքն այն է, որ մոռանաս հայ լինելդ ու միայն այդ կերպ վերագտնես հոգեկան անդորրը, ճիշտ այդ պահին հանկարծ հայտնվում է Կինը և ասում պարզ, չափազանց պարզ բառեր, և դու մի տեսակ միանգամից սթափվում ես, ուղեղդ պայծառանում է, հասկանում ես, որ նահանջելու իրավունք, միևնույնն է, չունես, քանզի քո թիկունքում անսասան պարսպի պես կանգնած է Նա՝ մոր պես անձնուրաց պաշտպանը և միևնույն ժամանակ այն մեծագույն սրբությունը, որին ինքդ պետք է պաշտպանես մինչև վերջ. թեկուզև սեփական կյանքիդ գնով։

Այդ կինը ոչինչ չի պահանջում քեզանից և ինքն էլ ոչինչ չի խոստանում: Նա պարզապես պատմում է իր մասին, իր կյանքի, իր ընկերների, բարու և չարի իր ընկալումների մասին, և ինքնաբերաբար համակվում ես նրան նմանվելու սաստիկ ցանկությամբ, կիսելու նրա հետ իր վիշտն ու ուրախությունը, իսկ դա մեր ժողովրդի վիշտն ու ուրախությունն է, և այդ կերպ նա քեզ դարձնում է հայրենասեր, իսկական հայրենասեր, ճիշտ հակառակ նրան, ով ձայնը խզելով՝ հրապարակում իր զզվելի ֆալցետով գոռում է, թե ինչպես է սիրում իր հայրենիքը։

Իհարկե, Կինը հայտնվեց բնավ ոչ հանկարծակի, իհարկե, մենք նրան լավ ճանաչում ու խորապես հարգում էինք, բայց այսօր նա մեզ համար հանդես եկավ որպես մայր, որպես Մայր Հայրենիք, և նա, ով չի անսա նրա խոսքերին, հաստատ մեր մարդը չէ, հայ չէ, ինչ ազգանուն էլ որ ունենա:

Լսելով հենց իր անկեղծության շնորհիվ խոր բովանդակությամբ լեցուն նրա անշտապ ու պարզ խոսքը, տոգորվելով այդ խոսքի պաթոսով, որը չի էլ կարելի պաթոս անվանել սովորական իմաստով, և տեսնելով, թե ինչ հաստատակամ, ինչ արժանապատիվ է նրա պահվածքը, հակառակ իր մարմնի ակնհայտ տկարությանը, հանկարծ զգում ես, որ քեզ հետ խոսում է ինքը՝ հազարամյա Հայաստանը, նրա իմաստությունը, նրա ցավն ու հպարտությունը։ Եվ գիտակցում, թե որքան անցողիկ ու անկարևոր է քո սեփական կյանքը, և որքան անիմաստ կլինի այն, եթե մինչև վերջ չնվիրես քո սուրբ Հայրենիքին, հավիտենական Հայրենիքին, որի հավերժության մեջ կհավերժանաս նաև դու։

Անհնար է, սակայն, այստեղ չխոսել նաև մեկ այլ կնոջ մասին. այն կնոջ, որը համակված էր ծնկի գալու և այն ճիճվի ոտքերը համբուրելու մարմաջով, որն արժանի է միայն տրորված լինելու կեղտոտ սապոգով։ Դա նույնպես կին է, նույնպես ինչ-որ մեկի մայր: Եվ ավելին. հենց այդ կնոջ կերպարով են դատելու իմ ու քո, մեր ժողովրդի մասին, քանի դեռ ճիճուն, իր թրթուրներով շրջապատված, բազմած է կառավարության շենքում։ Հե՜յ, «մտավորականներ», արթնացե՛ք։ Դուք (և ես) ողջ աշխարհի աչքում այսօր հենց այն կինն ենք, որը պատրաստ է լիզել օտարի սապոգները։ Ձեզանից ոմանք, ակնհայտորեն, արժանի են նման կարծիքի, բայց ոչ բոլորը, վստահ եմ, բնավ ոչ բոլորը։ Ապացուցեք դա։ Կանգնեք (գործո՛վ կանգնեք) այն կնոջ կողքին, որն իսկապես ներկայացնում է Հայաստանը, որն առանց վարանելու կդնի կյանքն իր Հայրենիքի զոհասեղանին: Նա ուղեցույց աստղ է վառում ձեզ համար և նրա անունը Ալվարդ է. ալ վարդ։ Այդ վարդը բոսոր է ներկում մեր ամենքիս սրտերը։ Ես նկատի ունեմ՝ հայերիս։