Սոթքի հանքի աշխատակիցների 27%-ը հարկադիր պարապուրդի մեջ է
Սոթքի հանքում աշխատում է 980 մարդ, որոնցից 260-ը (27%) գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանքավայրը շահագործող GeoProMining Gold ԲԲԸ-ի ներկայացուցիչը:
Ինչպես պարզաբանեց զրուցակիցը, դա պայմանավորված է նրանով, որ հանքը շահագործվում է սահմանափակ մասշտաբներով: Մնացած աշխատակիցները գնում են աշխատանքի:
Սակայն, ելնելով այն փաստից, որ ընկերությունն ունի նաև այլ արտադրական ակտիվներ, այդ ակտիվների բոլոր թափուր տեղերն առաջին հերթին առաջարկվում են Սոթքի հանքի աշխատակիցներին:
Օրինակ, վերջերս 5 զոդողներ ուղարկվեցին Արարատի ձեռնարկություն (որտեղ աշխատում է ևս 620 մարդ): Բացի այդ, Սոթքի հանքավայրից վարորդների խումբ ենք պատրաստում`Ագարակի պղնձամոլիբդենային գործարան ուղարկելու համար:
Չնայած ֆորսմաժորային իրավիճակին, որն առաջացել է միջպետական պայմանագիր կնքելու հետ կապված, ընկերությունը մինչև հունվարի 1-ը վճարել է 260 աշխատողների հարկադիր պարապուրդի համար, թեև օրենքի համաձայն՝ իրավունք ուներ դա չանել, քանի որ այս իրավիճակը գործատուի մեղքով չի առաջացել:
Նշենք, որ Սոթքի հանքի մի մասը նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից ստորագրված հայտարարությունից հետո անցել է Ադրբեջանին: Ճիշտ է՝ հայտարարության մեջ հենց հանքի մասին ոչ մի բառ չկար: