Մեկ օրում Արցախ է վերադարձել 110-ից ավելի բնակիչ
112 արցախցիներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51 854 արցախցիներ:
Ականազերծման և պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ չեն իրականացվել՝ պայմանավորված եղանակային վատ պայմաններով։ Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 853,3 հեկտար տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 936 պայթունավտանգ առարկա։
Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: