«ԱԼԵՆьԻ» ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ. ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

Փետրվարի 11-ին խորհրդարանում տեղի ունեցավ մի զվարճալի դրվագ։ ԼՀ խմբակցության պատգամավորը հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին. «Դուք ազնի՞վ եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի ձեր նպատակներում»։ Սիմոնյանը, որը հայտնի է որպես իշխանական թիմի գլխավոր ցինիկ, սկզբում շփոթվեց, հետո հակադարձեց. «Ես ընդհանրապես, միշտ ազնիվ եմ և կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաև հաճախ դուք, ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե ես դա ցանկանամ»։ Հարցն ուղղած Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ուրախ է փոխխոսնակի վերածննդի համար:

Այս թեթեվ լեզվակռիվը ստիպեց հիշել մոռացված հարցազրույցը, որ Սիմոնյանը տվել էր «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 16-ին՝ պատերազմի ամենաթեժ պահին։ Ըստ էության՝ «հարազատ» պատերը ԱԺ փոխնախագահին տալիս էին առավելագույնս ազնիվ լինելու բոլոր հնարավորությունները, ուստի նրա պատասխանները չեն կարող կասկածի տակ առնվել ամեն տեսակի «կոնտեքստների» և իբր սխալ մեկնաբանությունների մասով, ինչով այնքան սիրում են քողարկվել Սիմոնյանի խմբակցական ու կուսակցական գործընկերները՝ արդարացնելու համար սեփական սկանդալային հայտարարությունները։

Այդ հարցազրույցն առանձնահատուկ է նաև այսօրվա իրողությունների և իշխանությունների պահվածքի տեսանկյունից։ Այն առավելևս ուշագրավ է, քանի որ խոսքը իշխող խմբակցության հայտնի ծանրամիտների մասին չէ, որոնք մշտապես ծաղրուծանակի առարկա են դառնում սոցցանցերում, Բեղլոյանի կարգի շարքային քայլառաստների մասին չէ, որոնք պատրաստակամորեն հնչեցնում են այն ամենը, ինչ պետք է տերերին։ Ոչ, ի դեմս Ալեն Սիմոնյանի մենք գործ ունենք այն կործանարար երևույթի ամենավառ ու իսկապես սկզբունքային ներկայացուցիչներից մեկի հետ, որ կոչվում է «նիկոլականություն»՝ ցինիզմի, ստի ու կեղծավորության իր ողջ «շուքով», մի կողմից, և «թշվառության» սարսափելի մակարդակով, որը մոտ է բարոյական անկման ու բացարձակ բարոյազրկության ամենաիսկական «հատակին»՝ նույնիսկ ազգային աղետի պայմաններում։

Եվ այսպես, ի՞նչ էր ասում այն ժամանակ այս երիտասարդ, բայց արդեն կատարյալ ցինիկը։ Սիմոնյանը բազմանշանակ ժպիտով հանկարծ հաղորդում է, թե իբր՝ «ինչ-որ բան ինձ հուշում է, որ այսօր և վաղը շատ լուրջ ու լավ լուրեր ենք լսելու ռազմաճակատից», և վստահորեն հայտարարում գալիք հաղթանակի մասին։ Կրկնեմ, դա հոկտեմբերի 16-ին էր, և ճակատում իրավիճակը ճիշտ հակառակն էր։ Համարել, թե Ալեն Սիմոնյանը չգիտեր այն մասին, որ պատերազմի արդեն 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետը վարչապետին զգուշացրել է բացասական միտումների և աղետի հավանականության մասին, առնվազն միամտություն կլինի։ Ինչի ապացույցն է նաև նրա պահվածքը պատերազմից հետո. եթե Սիմոնյանը տոտալ խաբեության նույնպիսի զոհ էր, ինչպես հայերի 99 տոկոսը, ապա ինչո՞ւ չհայտարարեց այդ մասին, չդատապարտեց զինակիցներին, հրաժարական չտվեց, այլ շարունակում է մնալ Նիկոլի ամենահավատարիմ կողմնակիցներից մեկը և իրեն պահել լկտի, հանդուգն ու նույնքան ինքնավստահ, որքան նշված հարցազրույցի ողջ ընթացքում։

Այնուհետ Ալենьը, ինչպես հեգնալից անվանում են փոխխոսնակին «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերը, ճամարտակում է այն մասին, թե որքան հայրենասեր են գործող իշխանությունները և հող հանձնելու պատրաստ ինչպիսի դավաճաններ էին նախկինները։ Եվ հստակ նկարագրում է իրադարձությունների ելքի այսօրվա ապոկալիպտիկ տարբերակը՝ եզրահանգում անելով, որ այդ դեպքում «հայ ազգ որպես այդպիսին այլևս գոյություն չի ունենալու»։

Մերկախոս չլինելու համար մեջբերենք նրա քառամսյա վաղեմության մի շարք առանցքային հայտարարություններ։

«…Մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիևը հնչեցնում էր, որ հետ է վերադարձվում, «ազատագրվում է» 5 շրջանը, հետո երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետև դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երևանը, և այլևս հայ ազգ որպես այդպիսին գոյություն չի ունենալու։ Երկրորդ տարբերակն այս պատերազմում բեկում մտցնելն է, որի հնարավորությունը մենք ունենք, միակ ձևը խաղաղություն պարտադրելն է, և դա մենք կարող ենք անել: Եվ մեր համաքաղաքացիներն այս երկու տարբերակի մեջ պետք է ընտրություն կայացնեն: Մեր թիմի համար ընտրությունն ակնհայտ է»։

2021թ. փետրվարի իրողությունները. Արցախի տարածքի 2/3-ը, ներառյալ Հադրութն ու Շուշին, հանձնվել են Ադրբեջանին, կարգավիճակը մնում է խիստ անորոշ: Արցախի ակնհայտ օտարումից հետո՝ ավելի ու ավելի սուր է ուրվագծվում Հայաստանից Սյունիքն օտարելու և Մեղրին Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի վերածելու հարցը։ Այն մասին, որ հաջորդը Երևանն է և այնուհետ «հայ ազգ որպես այդպիսին այլևս գոյություն չի ունենալու», ամենայն լրջությամբ զգուշացնում են քաղաքական գործիչները, փորձագետներն ու հասարակական գործիչները։

Միայն թե «համաքաղաքացիներին» ընտրության հնարավորություն չտվեցին. Արցախը հանձնելու և թշնամու հետ գաղտնի հակահայկական պայմանավորվածություններ կնքելու տարբերակն ընտրեց «իրենց» թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եվ Ալեն Սիմոնյանը, որպես այդ թիմի անդամ, լիակատար պատասխանատվություն է կրում այդ ընտրության համար։ Քանզի հոկտեմբերի 16-ի նրա հայտնություններն ապացուցում են, որ գերազանց գիտակցում է իրադարձությունների նման զարգացման կործանարար լինելը երկրի ու ժողովրդի համար։

Անցնենք առաջ։ Մեկնաբանելով ՀՀԿ-ի հայտարարություններն այն մասին, որ հենց Փաշինյանի գործունեությունն է հանգեցրել պատերազմի, Սիմոնյանն ասում է. «Փաշինյանի 2 տարվա գործունեությունը հանգեցրել է նրան, որ մենք 20 օր է` կարողանում ենք դիմակայել ավելի մեծ ուժերի, քան երբևէ եղել են տարածաշրջանում, հանգեցրել է նրան, որ մենք բացի 80-ականների զենքերից, այսօր ունենք զենքեր, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել, երկուսուկես ընդամենը տարվա ընթացքում: Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ վախենում եմ այն մտքից, որ Աստված մի արասցե, հեղափոխություն չլիներ, հիմա մեր թշնամին լավագույն դեպքում Ստեփանակերտում էր»։

Թե ինչի հանգեցրեց Փաշինյանի այսօր արդեն գրեթե եռամյա գործունեությունը, բոլորին լավ հայտնի է, և հարցը միայն պատերազմի արդյունքները չեն։ Իշխանության ու պետության կառավարման կածվածահարություն, սուր ճգնաժամ և պետհամակարգի փաստացի փլուզում. սա՝ եթե շատ հակիրճ։ Թշնամին ոչ միայն Ստեփանակերտի շուրջ է, որտեղ նրան զսպում է միայն ռուս խաղաղապահների ներկայությունը, թշնամին Հայաստանի տարածքում է՝ բառի բուն իմաստով. սահմանամերձ բնակիչները թշնամուն տեսնում են իրենց պատուհանից, իսկ հայ լրագրողներին արգելվում է առանց հատուկ թույլտվության գնալ Սյունիք... Ինչ վերաբերում է «զենքին, որը թույլ է տալիս դիմակայել», ապա հիշենք թեկուզ բացառապես ապագա «գերագույն գլխավոր հրամանատարի» էժանագին ինքնագովազդի նպատակով գնված Սու-300Մ կործանիչները՝ առանց հրթիռների։

Այն հարցին, թե կիրականացվեր արդյոք «Լավրովի պլանը», եթե տեղի չունենար 2018-ի «հեղափոխությունը», փոխխոսնակը պատասխանում է. «Պլանը հասել էր իր վերջնափուլին։ Իրանք դուրսը գնում, ասում էին՝ հա, մենք համաձայն ենք, իսկ ներսը ասում էին՝ հող հանձնողը դավաճան է, որպեսզի իրենց իշխանությունը երկարաձգեն»։

Վերջապես, խոսելով այն մասին, թե արդյոք կբավարարի Հայաստանի ներուժը ռազմաճակատում այդ հարցը լուծելու համար, Սիմոնյանը հայտարարում է. «Չկա որևիցե բան, որ Հայաստանը, Արցախը կարող է անել և ինչ-որ բանի պատճառով չի անում»:

Ի՞նչ չարեց Հայաստանը, որ կարող էր անել։ Պատասխանը մի առանձին հոդված-հետաքննության նյութ է, բայց կնշենք գլխավորը. Հայաստանն այդպես էլ չմտավ պատերազմի մեջ՝ չկատարելով Սահմանադրությամբ ամրագրված իր պարտավորությունները՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, Հայաստանը Արցախ չմտցրեց իր զինված ուժերը՝ Պաշտպանության բանակին որպես օժանդակ ուժ տրամադրելով լոկ կամավորական ջոկատներ, Հայաստանն արդեն երրորդ օրը դադարեցրեց բանակի զորահավաքն ու համալրումը և չօգտագործեց իր ունեցած առավել հզոր ու ժամանակակից զինատեսակները։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները ողջ թափով ստում էին, թե իբր՝ Գյանջայի օդանավակայանը հօդս է ցնդել, թե դեպի Շուշի տանող ճանապարհը թշնամու համար դառնալու է «դժոխքի ձոր», և «Գյոռբագյոռ» գործողոությունը վերջին հաղթական հարվածն է հասցնելու թուրքերին…

«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք հաղթելու ենք և պետք է պատրաստվենք տոնել այդ հաղթանակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 16-ին: Դրանից ընդամենը 3 օր անց Ռուսաստանը Փաշինյանին առաջարկեց ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտար հայկական կողմին ավելի քիչ կորուստներով դուրս գալ իրավիճակից, ի թիվս այլ տարածքների՝ պահպանելով նաև Շուշին։ Համաձայնագիր, որը կփրկեր հազարավոր կյանքեր։ Որն այսչափ նվաստացուցիչ չէր լինի հայ ժողովրդի համար։ Բայց Փաշինյանը հրաժարվեց, որովհետև այդ պատերազմի համար ինքն ու Ալիևը այլ արդյունքներ էին ծրագրել։

Ալեն Սիմոնյանի սանձարձակ սուտն ու էժանագին խրոխտանքը հենց դրա վկայությունն են, որքան էլ որ այդ ցինիկը ջանա հակառակը պնդել։ Սեփական ժողովրդին հրամցվող կանխամտածված, նպատաուղղված ու համատարած ստի անատոմիան՝ իր ստորության ու հանցավորության մասշտաբների ողջ հրեշավորությամբ, սկսեց ուրվագծվել մեր առջև պատերազմի ավարտից անմիջապես հետո, Ալիև-Փաշինյան տանդեմի իրականացրած գլխավոր նպատակի՝ Հայաստանի և Արցախի դավաճանության խորապատկերին։ Այդպիսին էր «թիմի» ընտրությունը, և հենց այդ մասին են վկայում նրանց ներկայիս ողջ պահվածքը, բոլոր հայտարարությունները, աստիճանաբար բացահայտվող ճշմարտությունը գրավոր ու բանավոր պայմանավորվածությունների մասին։

Եվ քաղաքականությունը, միտված հենց այն նպատակին, որ «հայ ազգ որպես այդպիսին այլևս գոյություն չունենա»։