Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում

Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզուները կդառնան գրական հայերենը և ռուսերենը։ Օրինագիծն արդեն հրապարակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Փոփոխություններն ընդունելուց հետո օրենքում կնշվի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

Փոփոխություններ են նախատեսված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում։

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ։

Այս համատեքստում առաջնահերթ է համարվում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: