Արա Սաղաթելյանին արգելվել են տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին արգելվել է տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ Սաղաթելյանին ձերբակալել էին փետրվարի 19-ին, իսկ կալանավորման որոշում էր կայացվել փետրվարի 21-ին։

«Այսօր եմ իմացել, որ նախաքննական մարմնի որոշում կա Սաղաթելյանի տեսակցություններն ու հեռախոսազրույցներն արգելելու վերաբերյալ։ Ես որոշումը դեռ չեմ տեսել և դրա հիմքին ծանոթ չեմ»,–ասաց Ենոքյանը։

Նա նշեց նաև, որ այսօր այցելել է Սաղաթելյանին։ Պաշտպանի խոսքով` ընտանիքի հետ կապերը սահմանափակելը Սաղաթելյանի իրավունքների խախտում է։ Փաստաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել, որպեսզի այդ արգելանքը վերանա։