Հայաստանում նոր ծրագիր է մեկնարկում պատերազմին մասնակցած 18-30 տարեկանների համար

«Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան» պատրաստվում է նոր էջ բացել արցախա-ադրբեջանական պատերազմին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդների կյանքում` հնարավորություն ստեղծելով նրանց վերապատրաստվել և իրենց տեղն զբաղեցնել աշխատաշուկայում։

«Ծրագիրը նախատեսված է մարտական գործողություններին մասնակցած այն անձանց համար, որոնք ինչ-ինչ պատճառներով աշխատանք գտնելու խնդրի են բախվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արփի Կարապետյանը։

Արդեն շուրջ 600 երիտասարդներ դիմել են ծրագրին մասնակցելու համար, ևս 400-ին պատրաստվում են ներգրավել։ Կարիքների գնահատմանը կհաջորդեն վարպետաց դասերը, որոնք կիրականացվեն մի շարք ուղղություններով։

«Վարպետները երիտասարդներին կսովորեցնեն կոնկրետ «փեշակ»։ Լինելու են նաև մասնագիտական թրեյնինգներ` կախված նրանից` ով որտեղ է ուզում աշխատել և որտեղ ինչ թափուր աշխատատեղ կա »,- նշեց Կարապետյանը։

Երիտասարդների ներգրավմանը զուգահեռ ծրագրի հեղինակները համագործակցության նպատակով այս պահին աշխատում են շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, միասին քննարկում` ինչ թափուր հաստիքներ ու ինչ հմտություններ ունեցող աշխատողների կարիք ունեն, որ դասընթացի ավարտին իրենց «սաները» կարողանան նաև աշխատանք գտնել։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հասցեով: