Վերսկսվել է Լաչինի հիդրոէլեկտրակայանի շահագործումը

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Լաչինի հիդրոէլեկտրակայանի մեքենայական դահլիճը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության օժանդակությամբ ՀԷԿ-ի աշխատանքը վերսկսվել է, ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգ ու անխոչընդոտ մուտքը էլեկտրակայան՝ հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ անցկացնելու համար: Դա թույլ կտա էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել հարակից բնակավայրերին, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքին»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: