ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Հայաստանում տիրող իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն կոչ է արել ոչ բռնի կարգավորել Հայաստանում տիրող իրավիճակը, այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ես մտահոգված եմ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: Բոլոր կողմերին կոչ եմ անում հարգել ստանձնած պարտավորությունները ԵԱՀԿ շրջանակում և ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ: Իրավիճակը պետք է կարգավորվի առանց բռնության կիրառման», - գրել է Լինդեն:

Հինգշաբթի ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ներկայիս իրավիճակի կապակցությամբ զինվորականները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս զերծ մնալ ուժի կիրառումից: Հայտարարությունը ստորագրել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալները, ստորաբաժանումների և կորպուսների ղեկավարները:

Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պահանջը որակել է ռազմական հեղաշրջման փորձ և հայտարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու որոշման մասին, տեղեկացնում է Aysor.am: