Սեյրան Օհանյան. Քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ

Կարծում եմ՝ դատարանն այսօր իր խոսքը պետք է ասի ու հանցակազմի բացակայության պատճառով պետք է կարճի գործը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով Մարտի մեկի գործով մեղադրյալների թվում է։

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշումով ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ», - նշեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Մարտի մեկին առնչվող տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր փառավորվում, երբ ոստիկանների ձեռքից պարագաներ էին վերցնում։

«Ես կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորները սպանությունների», - նշեց Օհանյանը, տեղեկացնում է Aysor.am։

Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանն այս գորոծվ դատապարտվել է ու այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։