ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ

Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Նա նշեց, որ 2020 թվականին ոլորտի ահռելի անկման խորապատկերին այս տարի ակտիվացում է նկատվում, դա նկատելի է նույնիսկ մայրաքաղաքի փողոցներում, որտեղ զբոսնում են Իրանից եկած զբոսաշրջիկներ: «Նախորդ տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց դուք էլ կարող եք տեսնել, որ եթե նախորդ տարի այս ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք, իրանցիների մեծ խմբեր կան: Հիմա Նովրուզ է և շատ իրանցիներ կան Հայաստանում»,- ասաց Քերոբյանը: Նրա խոսքերով՝ ապրիլի համար արդեն բազմաթիվ հյուրանոցներ ամրագրված են, և մայիսին արդեն սպասվում է զբոսաշրջության վերականգնում։ «Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- ասաց Քերոբյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ է ԼՌԵԼ. ամեն անգամ, երբ Քերոբյանը հայտարարություններ է անում երկրի տնտեսական վիճակի մասին, զարմացնում է այն, թե ինչպես է «Մենյու.ամ» ընկերությունը հաջողացրել գոյատևել այդ մարդու ղեկավարությամբ։ Քերոբյանի կողմից իրականության բացահայտ անհամարժեք ընկալումը պարզապես չի կարող համատեղելի լինել ցանկացած բիզնեսի կյանքի հետ։ Իսկ մի ամբողջ երկրի տնտեսության հետ՝ առավելևս։

Ահավասիկ հիմա էլ նախարարը հերթական պատերազմն է հայտարարել ողջամտությանը։ Այս անգամ՝ տուրիզմի ճակատում։ Ուղիղն ասենք. Երևանում մի քանի իրանցի զբոսաշրջիկներ տեսնելն ու այդ դիտարկման հիման վրա լավատեսական կանխատեսումներ անելը պարզապես հիմարություն է։ Նույնիսկ դիլետանտների ու թերուսների այս կառավարության ներկայացուցչի պարագայում։ Բայց Քերոբյանի հայտարարության մեջ ամենահետաքրքիրը բնավ դա չէ։ Նախ, նա պարզապես ստում է՝ պնդելով, թե անցած տարվա մարտին Երևանում իրանցի զբոսաշրջիկներ չեն եղել։ Մարտի առաջին կեսին, մինչ թավշե կառավարությունը կընդուներ կորոնավիրուսային խնդիրը, իրանցիներն ազատ գալիս էին Հայաստան։ Եվ, ի դեպ, հիշեցնենք, որ պաշտոնապես հենց Իրանից է առաջին անգամ կորոնավիրուս բերվել Հայաստան, և դա տեղի է ունեցել հենց անցած տարվա մարտին։

Երկրորդ, հատուկ ուշադրության է արժանի այս տարի զբոսաշրջության աճի վերաբերյալ պարզապես ոսկերչական ճշգրտությունը նախարարի կանխատեսումներում։ Նկատեք, Քերոբյանը չի ասում, թե աճը եռապատիկ է լինելու, նա չի ասում, թե սպասվում է 300% աճ, նույնիսկ չի խոսում 320% աճի մասին։ Նա կանխատեսում է առանց թվերը կլորացնելու, իբր՝ առանց սխալմունքի։ Ինչպես ասում են, ճիշտ այնպես, ինչպես դեղատանը. ուղիղ 319%։ Եվ նման ճշգրտության նախարարը հասել է փաստացի մի պարզ հայացք նետելով Երևանի փողոցներին ու իրանցի մի քանի զբոսաշրջիկներ հայտնաբերելով։

Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում նախարարը, բարբաջելով ողջ այդ զառանցանքը։ Փոխարենը ակնհայտ է, որ զբոսաշրջության ոլորտի, դրա անցյալի, ընթացիկ վիճակի և ապագայի մասին նա չնչին իսկ պատկերացում չունի։ Առաջին հերթին ուշադրություն դարձնենք թվերին։ Ահա ուրեմն, զբոսաշրջության աճ 319%-ով՝ նշանակում է գրեթե մեկ միլիոն զբոսաշրջային այցելություն 2021 տարվա արդյունքներով: Նախարարն ակնհայտորեն տեղյակ չէ, որ զբոսաշրջային նույնիսկ լավագույն տարիներին Նովրուզի շրջանում Հայաստան եկած իրանցի զբոսաշրջիկների թիվը չի գերազանցել 25-30 հազարը։ Ենթադրյալ միլիոնի կանխատեսման խորապատկերին դա լոկ կաթիլ է ծովում։ Նախարարին ակնհայտորեն հայտնի չէ և այն, որ հայկական տուրիզմի նախակորոնավիրուսային զարգացումն ապահովվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հաշվին։ Դեռևս 2017-ին որոշում ընդունվեց, որով ՌԴ քաղաքացիներին թույլատրվում է Հայաստան գալ ներքին անձնագրերով, ինչը հզոր ազդակ տվեց տուրիստական հոսքին դեպի Հայաստան։ Եվ արդեն 2019-ին Հայաստան այցելած 1 մլն 894 հազար զբոսաշրջիկներից 855 հազարը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Այլ կերպ ասած, եթե ընդհանրապես հնարավոր է ակնկալել Հայաստանի տուրիստական ոլորտի վերականգնում, ապա միայն Ռուսաստանից հոսքի վերականգնման դեպքում։ Մինչդեռ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մի քանի իրանցիների է նկատում Երևանում և արդեն ոլորտի ճաճանչափայլ հեռանկարներ տեսնում։

Արդեն երեք տարի շարունակ «թավշե» կառավարության ներկայացուցիչները գրեթե ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ իրենց ներկայությունը երկրի ղեկին պարզապես անհամատեղելի է պետության կյանքի հետ։ Այդուհանդերձ նրանց լկտիությունը բավականացնում է՝ հավակնելու երկրի հետագա ղեկավարման, իսկ հասարակության համբերությունն էլ բավականացնում է՝ նայելու, թե ինչպես է Հայաստանը գլորվում անդունդ։

Основная тема:
Теги: