Ադրբեջանցիները Ստեփանակերտում գրասենյակ կարող են փնտրել միայն քարտեզի վրա
Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին։
Ավելի վաղ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը հայտարարել էր, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:
«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը»,- նշել է Լուսինե Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ:
Ավանեսյանը հավելել է, որ երազանքներով տարվելու փոխարեն Ադրբեջանում թող մտածեն բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։