Ռուսաստանը և Իրանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ռուսաստանը և Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարևորությունը և դիտարկել են տարածաշրջանի երկրների դերը, որը նրանք կարող են խաղալ այս գործընթացում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադարի ռեժիմ պահպանել: Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորման կարևորությունն արդար հիմքի վրա՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով և հաշվի առնելով այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այս գործընթացում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է News.am: