ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-րդ ՏԱՐԵԼԻՑԸ ՀԱՄԸՆԿԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՀԵՏ

Կիրակի օրը իշխանությունը կնշի Քաղաքացու օրը

2019 թվականին խորհրդարանական նոր մեծամասնությունը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, լրացում կատարեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Համաձայն այդ լրացման՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր։

Երևանցիները հավանաբար հիշում են մանղալային խրախճանքը Մաշտոցի պողոտայում, որտեղ խորոված էին անում, գինի խմում, իսկ հետո տեսախցիկը բռնացրել էր գետնին փռված հարբած Փաշինյանին՝  փորը տնկած, գինու դատարկ շիշը կողքին: Այս տարի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը համընկել է ապրիլի վերջին շաբաթ օրվա հետ։

Այս ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է, իսկ հաջորդ շաբաթ օրը՝ մայիսի 1-ը: Այդ առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է օրինագիծ, ըստ որի՝ այլ հիշարժան կամ տոնական օրերի հետ զուգադիպելու դեպքում Քաղաքացու օրը պետք է նշել ապրիլի վերջին շաբաթ օրվա հաջորդ՝ կիրակի օրը։

Փաշինյանը գլխավորելո՞ւ է սգո երթը

Հողերի խայտառակ հանձնումից հետո, ահռելի թվով զոհերի, դեռևս հողին չհանձնված աճյունների, սգացող հազարավոր ընտանիքների, հազարավոր վիրավորների և անհայտ կորածների խորապատկերին խորհրդարանական մեծամասնությունը մտահոգված է նրանով, որ ապրիլի 24-ը համընկել է ամսվա վերջին շաբաթ օրվա հետ։ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց օպերատիվ կերպով ելք գտնել ստեղծված իրավիճակից և տոնական օրը տեղափոխել կիրակի՝ ապրիլի 25-ին:

Այս տարի ապրիլի 24-ը լի է առանձնահատուկ իմաստով. երկիրը դեռ սգում է 44-օրյա պատերազմում զոհվածների մահը, իսկ հաջորդ օրը Փաշինյանի թիմը մտադիր է տոնել Քաղաքացու օրը...

Թեպետ, տոնական միջոցառումների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, ամենայն հավանականությամբ՝ պարոնայք այս անգամ կվախենան ուրախ երաժշտության տակ խորոված անել երևանյան պողոտայում, փոխարենը՝ ԶԼՄ-ներում արդեն տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Փաշինյանը մտադիր է ապրիլի 24-ին, այսինքն առաջիկա շաբաթ օրը, բարձրանալ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, գլխավորելով բազմահազարանոց երթը։

Բացառված չէ, որ երթի մասին նախապես հայտարարվի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան միանալու դրան, իսկ վարչապետն այդպիսով ցույց կտա ողջ աշխարհին, թե իբր համաժողովրդական վստահություն ու աջակցություն է վայելում։ Անցած տարի, հիշեցնեմ, արտակարգ դրության հետևանքով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացան միայն պետության առաջին դեմքերը. նախագահը, վարչապետը՝ կնոջ հետ, ԱԺ նախագահը՝ կնոջ հետ։ Այս տարի, չնայած կորոնավիրուսով վարակման և մահացության բարձր ցուցանիշներին, սգո երթը չեն չեղարկել, հավանաբար այն նպատակով, որ Փաշինյանը կարողանա գլխավորել այն: Կապիտուլյանտը գովազդի կարիք ունի։

Հաշվարկը կսկսվի ապրիլի 20-ից

Իսկ անցած շաբաթ օրը փաստացի մեկնարկած նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետն այցելեց Վայոց Ձոր, որտեղ հոծախմբի դերում կրկին օգտագործեցին դեռահասներին։

Փաշինյանի ժամանմանը նվիրված միտինգում երեխաներից բացի կային բազմաթիվ կանայք և տարեց մարդիկ: Վարչապետը հաղորդեց հավաքվածներին, որ հունիսի 20-ին իրենք դառնալու են ոչ միայն ընտրողներ, այլև դատավորներ։ «Նրանց, ում մենք էինք ուզում դատել, բայց չհասցրեցիք, դո՛ւք եք դատելու»,- ճղավեց Փաշինյանը։ Նա հայտնեց նաև, որ Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, ուստի հարձակումը Հայաստանի վրա՝ կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա: Իսկ բացի այդ, Փաշինյանը խոստացավ, որ բոլոր հարցերը կլուծվեն, եթե հունիսի 20-ի ընտրություններից հետո նոր խորհրդարանական մեծամասնությունը կրկին վարչապետ ընտրի իրեն։

Մեկնաբանելով Վայոց Ձորում Փաշինյանի ելույթը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ քանի որ ընդդիմությանը թույլ չտվեցին խորհրդարանում ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող փաստահավաք խումբ, ապա ապագա ընտրողները պետք է զգան իրենց ոչ թե դատավորներ, այլ փաստահավաք խմբի անդամներ, դա նրանց թույլ կտա ճիշտ ընտրություն կատարել հունիսի 20-ին: Հիշեցնեմ, որ Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ ապրիլի վերջին 10 օրերին։ Հաշվարկը կսկսվի ապրիլի 20-ից, չի բացառվում, որ հրաժարականի մասին հայտարարվի ապրիլի 24-ից հետո, գուցե նույնիսկ Քաղաքացու օրը