Al-Arabia. 10 000 ՄԱՐԴ ՋԱՀԵՐՈՎ ՇՔԵՐԹ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐԵՒԱՆՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ 1.5 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ
Մոտ 10 000 մարդ ջահերով երթ է կազմակերպել Երեւանում՝ ի հիշատակ մեկուկես միլիոն հայերի, ովքեր ավելի քան մեկ դար առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայում, գրում է արաբական Al-Arabia պարբերականը:
«Երթը սկսվեց կենտրոնական հրապարակից եւ շարժվեց դեպի հսկայական հուշահամալիր, որտեղ ակտիվիստներն այրեցին Թուրքիայի դրոշը: Պատմաբանների գնահատմամբ՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին օսմանյան թուրքերի կողմից մոտ 1.5 միլիոն հայ էր սպանվել, ինչը շատերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են համարում:
Չնայած Թուրքիան խոստովանում է այդ դարաշրջանում տեղի ունեցած սպանությունները, սակայն մերժում է ցեղասպանություն եզրույթը՝պնդելով, որ զոհերի թիվը չափազանցված է, եւ որ այդ մահերն Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ քաղաքացիական անկարգությունների արդյունք են:
Հայաստանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պաշտոնապես նշում է ապրիլի 24-ին, երբ 1915 թվականին սկսվեցին սպանությունները:
Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է Հայոց ցեղասպանության սպասվող հայտարարությանը, ինչը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու պատրաստակամության հաստատումն է «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դուք կարող եք հետեւել վաղվա հայտարարությանը», - լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի օգնական Գալինա Փորթերը: Վաշինգտոնը մինչ այժմ զերծ է մնում ցեղասպանության մասին խոսակցություններից: Թուրքիան հրաժարվում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ ավելի քան քսան երկիր եւ շատ պատմաբաններ դա ընդունում են: Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրության տիրապետության տակ»,- գրում է պարբերականը:
News.am