Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությունները՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Եվրոպական խորհրդարանի խմբակցություններն ու բազում անդամներ հանդես են եկել հրապարակումներով` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

ԵԺԿ խմբակցության թվիթերյան գրառման մեջ ասվում է «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին: Երբեք բավական չէ հիշեցնել ակնհայտի մասին։ Աշխարհի բոլոր ազգերն իրավունք ունեն ապրելու խաղաղ և արժանապատիվ»։

ԵԺԿ խմբակցության վերոնշյալ հայտարարությունն իր կողմից վերահաստատել է նաև նույն խմբակցության անդամ, Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն (Խորվաթիա)։

Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլաս (ԵԺԿ, Կիպրոս) «Ապրիլի 24. 106 տարի է անցել նեոթուրքերի կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունից: Մենք կոչ ենք անում դատապարտել և ճանաչել ցեղասպանությունը միջազգային մակարդակով»։

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչև (ԵԺԿ, Բուլղարիա «Այսօր մենք ոգեկոչում ենք միլիոնավոր հայերի, ովքեր ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության ներքո դաժան տառապանքների են ենթարկվել: Պատմությունը չպետք է կրկնվի: Մարդիկ դասեր քաղե՞լ են այս սարսափելի իրադարձություններից»։

Եվրոպական խորհրդարանի անդամ Լեֆտերիս Քրիստոֆորու (ԵԺԿ, Կիպրոս) «Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Հայերի, հույների, ասորիների ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք է  նեոթուրքերի կողմից ցեղասպանության սարսափները կրած յուրաքանչյուր ժողովրդի հիշատակի, պատմության և մշակույթի»։ 

Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական կոմիտեի անդամ Էլիզաբեթ Վոզեմբերգ-Վրիոնիդի (ԵԺԿ, Հունաստան) «24/4 Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որը 1894-1918 թվականներին արժեցավ 1.500.000 հայի կյանք: Մենք հարգում ենք թուրքական ոճրագործության նահատակ զոհերի հիշատակը և սատարում ենք մարդկության դեմ այս սարսափելի հանցագործության համընդհանուր ճանաչման պայքարին»։

Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Սիլվի Գիյոմ (Սոցիալ-դեմոկրատներ, Ֆրանսիա) «Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց այն դեռ չի ճանաչվում թուրքական պետության կողմից, և Հայաստանը շարունակում է սպառնալիքի տակ մնալ իր հարևանների թշնամական նպատակներից: ԵՄ-ն պետք է աջակցություն ցուցաբերի՝ խաղաղությունն ապահովելու համար»։

Եվրոպական խորհրդարանի անդամ, անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազո (Renew Europe, Ֆրանսիա) «Մենք պարտավոր ենք հայ զոհերին և նրանց ընտանիքներին՝ ասելով այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին այն ցեղասպանություն էր։ Բայդենն Էրդողանին ասել է, որ նախատեսում է 1915-ի հայերի կոտորածները անվանել ցեղասպանություն»։

Panorama.am