Փաստաբան. ՄԱՐԱԼ ՆԱՋԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻՑ

Ադրբեջանում գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը կարող է հրաժարվել Հայաստանի քաղաքացու անձնագրից:

Սկանդալային իրավիճակի մասին հայտնի դարձավ Ֆեյսբուքում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հրապարակումից մեկ օր առաջ:

Այս կապակցությամբ News.am-ի թղթակիցը դիմել է Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:

«Երբ Մարալ Նաջարյանը հայտնվեց գերության մեջ, փաստաթղթերն իր հետ էին: Վերադառնալուց հետո անձնագիրն իրեն չեն վերադարձրել, այն մնացել է Ադրբեջանում: Ես՝ որպես Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, ոստիկանություն հայտարարություն եմ ներկայացրել՝ խնդրելով Ադրբեջանում մնացած անձնագիրն անվավեր ճանաչել և նորը տալ: Դրան մենք ստանում ենք բոլորից ամենազավեշտալի պատասխանը. Մարալը պետք է անձամբ գա անձնագրային վարչություն, դիմում ներկայացնի՝ նոր անձնագիր ստանալու համար:

Կարգավորումն հենց այդպիսին է, սակայն իրավիճակը բացառիկ է: Խոսքը բարզապես լիբանանցի հայ կնոջ մասին չէ, ով ցանկանում է հայկական անձնագիր ստանալ: Խոսքը գերությունից վերադարձած կնոջ մասին է, ով վերականգնման փուլում է: Պետությունը պարտավոր էր համապատասխան մոտեցում ցուցաբերել: Այս ամենը նշված է հայտարարության մեջ, որ խոսքը գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի մասին է, ում անձնագիրը մնացել է Ադրբեջանում: Սակայն պետությունը շատ արհամարական վերաբերմունք ցուցաբերեց: Այժմ մենք տիկին Նաջարյանի հետ քննարկում ենք՝պետք է արդյոք նրան հայկական անձնագիր, թե՞ ոչ: Դա պարզելուց հետո մենք կորոշենք հետագա գործողությունները: Կամ անձնագիր ստանալու համար դիմում ենք Վարչական դատարան, կամ նա որոշում է կայացնում, որ հրաժարվում է հայկական անձնագրից: Կարծում եմ՝ իրավիճակը պարզ կդառնա այսօր կամ վաղը:

Խնդիրն այն է, որ բացառիկ իրավիճակները բացառիկ լուծումներ են պահանջում: Մարալ Նաջարյանը Բեյրութում հով նստած չէր, և ներողություն եմ խնդրում արտահայտության համար, և հանկարծ որոշեց փոխել իր անձնագիրն և դա անել ներկայացուցչի միջոցով, իսկ ոստիկանությունն ասում է, որ օրենքը դա չի նախատեսում, և նա պետք է անձամբ ներկայանա: Ռազմական գործողությունների հետ կապ չունեցող քաղաքացիական անձը գերի է ընկել, անձնագիրը հայտնվել է թշնամու ձեռքում, և այս պայմաններում պահանջել նրա ներկայությունը բացարձակապես հիմարություն է»,- շեշտեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Լիբանանի և Հայաստանի քաղաքացի Մարալ Նաջարյանը գերեվարվել էր զինադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դա չէր խանգարել Ադրբեջանի իշխանություններին մի քանի ամիս գերության մեջ պահել անմեղ կնոջը:

News.am