Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ծեծկռտուքի գործով առաջին դատական նիստը պետք է կայանար, սակայն գործով մեղադրող դատախազն այլ գործով քննության լինելու պատճառով չէր ներկայացել։

Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին ասաց, որ եթե, այնուամենայնիվ, դատական նիստը կայանա, ինքը միջնորդություն է ներկայացնելու դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

«Իր գործողություններից ակնհայտ է, որ նա վերահսկվում է այս իշխանությունների կողմից և անաչառ դատավոր չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց Աթանեսյանը։

Արթուր Դանիելյանն ասաց՝ իր համար անակնկալ չէր, որ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գործը կկարճվի։

«Անակնկալ չէր նաև, որ փաստորեն ես եմ միջադեպի հնարավոր միակ մեղավորը», - ասաց Դանիելյանը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, տեղեկացնում է Aysor.am։