Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
Նախատեսվում են այլ անձանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչված հարցեր։
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին կուղեկցեն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։