ԱԳՆ-ն դատապարտում է Երևանի Գանդիի արձանի պղծումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը.

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»: