Բաբայան․ Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ` այն, ինչ կատարվել է Շուշիի եկեղեցու հետ, դժբախտաբար, սպասելի էր։ Նույնիսկ պետք է սպասել ավելիին` պատրաստ լինելով, որ ադրբեջանցիներն առհասարակ ձգտելու են վերացնել իրենց ենթակայության տակ անցած տարածքների բոլոր պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները։

«Արդեն իսկ ոչնչացրել են շատ ու շատ կոթողներ, չի բացառվում, որ կոնկրետ Շուշիի սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին լինի ուշադրությունը շեղելու տարբերակ։ Փշրել են գմբեթները, հանել են խաչերը, կոտրել են հրեշտակների արձանները, և քանի որ բոլորը սևեռված են դրա վրա, ապա կփորձեն ոչնչացնել այլ շրջաններում առկա կոթողները, օրինակ` Քաշաթաղում, Քարվաճառում, Հադրութում և մյուս հատվածներում, որոնք օկուպացվել են ադրբեջանցիների կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարարը։

Բաբայանի խոսքով` բոլորը պետք է բարձրաձայնեն այս խնդիրը, քանի որ ադրբեջանցիները քանդում են ամեն ինչ, հարվածում են մեր ինքնությանը, արժանապատվությանը։

«Չի բացառվում, որ հետո գմբեթը նորից կառուցեն, բայց արդեն ոչ հայկական, այլ աղվանական ոճով, ինչը բնորոշ է իրենց։ Չի բացառվում, որ Շուշիի եկեղեցին հետագայում դարձնեն մզկիթ, մանավանդ որ նման հարուստ փորձ ունեն։ Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայում վերածվեց մզկիթի, այսինքն` ինչ անում է մեծ եղբայրը, փոքրն ընդօրինակում է, կյանքում էլ է այդպես»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի համոզմամբ` տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն, ահաբեկչություն և մշակութային նացիզմ, առկա են բոլոր գարշելի դրսևորումները, որ կարելի է սպասել ադրբեջանցիներից։ Ըստ նրա` դա հենց այդ երկրի պետական քաղաքականությունն է, որի հիմքն է նաև հայատյացությունը։