Բոզոյան․ Ի՞նչ խոստում են ուզում գործարարները Փաշինյանից

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի` Նիկոլ Փաշինյանն իր ընտրական ցուցակում նախատեսում է ընդգրկել բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների։

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` թեև պաշտոնական տեղեկություն չկա, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ընտրական ցուցակում նախատեսում է ընդգրկել բիզնես շրջանակների ներկայացուցիչներին, և այդ ամենը դեռ ենթադրությունների դաշտում է, բայց եթե անգամ Փաշինյանը հանդես գա նման նախաձեռնությամբ, ապա այդտեղ զարմանալու ոչինչ չկա, քանզի վարչապետի խոստումների շարքը, որոնք նա չի կատարել և նույնիսկ հակառակն է անելու, ըստ քաղաքագետի, տեղավորվում է փաշինյանական տրամաբանության մեջ։

«Այն գործարարները, որոնք մեծ հույսեր են ներշնչել Փաշինյանին և հետայսու էլ պատրաստ են որոշակի ռեսուրսներ ներդնել, բնականաբար պետք է խոստումներ ստանան վարչապետից, իսկ խոստման միակ տարբերակը խորհրդարանում տեղ և պատգամավորական մանդատ ունենալն է, որովհետև նույն գործարարներն ունեն լուրջ մտավախություն, որ եթե հանկարծ Հայաստանում ինչ–որ բան փոխվի, ապա իրենք պետք է երաշխավորված լինեն։ Հենց այդ հանգամանքից ելնելով` որոշ գործարարներ, մասնավորապես նույն Խաչատուր Սուքիասյանը կամ Գուրգեն Արսենյանը ամենայն հավանականությամբ կհայտնվեն Փաշինյանի ցուցակում»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Բոզոյանի կարծիքով` Փաշինյանի համար սկզբունքայնությունն ունի երկրորդական նշանակություն, քանի որ ժամանակին հանդես էր գալիս ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու օգտին, հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմի պատվիրատուն Ռուսաստանն է, պայքարում էր, որպեսզի գործարարները չհայտնվեն խորհրդարանում, իսկ հիմա արտահայտում է տրամագծորեն հակառակ տեսակետներ։ Ըստ նրա` Փաշինյանն էլ շատ լավ գիտակցում է, որ իր խոստումներից շատերն ուղղակի վիժեցրել է, հետևաբար մեկ–երկու նոր խոստում դրժելն արդեն էական նշանակություն չունի։

«Թեև մեր գործարարներն ի վիճակի չեն քաղաքական էլիտային ինչ–որ բան թելադրել, բայց նաև անհատապես ցանկանում են պաշտպանված լինել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք ցանկանում են մտնել խորհրդարան։ Եթե հիշում եք, Փաշինյանն իր հերթին ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ այլևս չունենք օլիգարխներ, այլ ունենք խոշոր սեփականատերեր»,– ասաց քաղաքագետը։

Բոզոյանի գնահատմամբ` քանի որ Փաշինյանը բոլոր ուղղություններում ձախողվել է, ուստի այն գործարարները, որոնք թաքուն կերպով աջակցել են նրան, հիմա մտավախություն ունեն, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, իրենք նույնպես կարող են պատժվել։ Ըստ այդմ` գործարարները Փաշինյանից պահանջում են երաշխիք ու ձգտում մտնել խորհրդարան, իսկ վարչապետն էլ նման պարտավորություն է ստանձնում հենց այդ պատճառով։