Շուշիի նախկին քաղաքապետ․ Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին

Արցախյան 44-օրյա պատերազմի ցավը դեռ թարմ է, բայց պետք է չէ մոռանալ նաև նախկինում ունեցած հաղթանակներն ու այդ հաղթանակների համար ունեցած զոհերը։

Այս մասին այսօր Ստեփանակերտում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Մենք պետք է հիշենք, որ Շուշիի հաղթանակի համար զոհեր ենք ունեցել, մեծարենք նրանց, խոնարհվենք նրանց վառ հիշատակի առաջ ու սպասենք ավելի լավ օրվան, երբ Շուշին նորից կվերադառնա հայի գիրկը»,– ասաց Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Շուշին անարդար կերպով է հանձնվել հակառակորդին։ Շուշիի քաղաքապետը համոզված է` Ադրբեջանը միայնակ չէր կարող այն գրավել, մինչդեռ 1992–ին հայը միայնակ է ազատագրել իր հնագույն մշակութային քաղաքը, որի ամեն քարը, Արծվիկ Սարգսյանի բնորոշմամբ, հայերեն է խոսում։

Շուշիի քաղաքապետը վտահ է, որ ազգային միասնությամբ Շուշին դարձյալ հնարավոր է լինելու վերադարձնել։

«Եթե հույսը կորցնենք, որ Շուշին հետ ենք վերցնելու, կդավաճանենք զոհվածներին։ Եթե հաշտվենք այդ մտքի հետ՝ Շուշին կկորցնենք անվերադարձ»,– շեշտեց նա։