Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա
Երուսաղեմի Հին քաղաքում կրկին բախումներ են սկսվել: Իսրայելի ոստիկանության և սահմանապահ ոստիկանության հազարավոր ներկայացուցիչներ այդ շրջան են տեղափոխվել։
Այսօր նշվում է Երուսաղեմի օրը, որը սահմանվել է վեցօրյա պատերազմից հետո քաղաքի՝ Իսրայելի վերահսկողության տակ անցնելու պատվին։ Սովորաբար այդ օրը դրոշներով երթ է անցկացվում, բայց այս անգամ ոստիկանությունը հրեաների համար փակել է Տաճարի լեռը։ Բախումներ են սկսվել Տաճարի լեռան դարպասների մոտ։
Պաղեստինյան WAFA գործակալությունը պնդում է, որ ոստիկանությունը մեծ ուժեր է տեղակայել Ալ Աքսա մզկիթի շրջանում, բակերում դիպուկահարներ կան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել մարդկանց մզկիթի տարածքից հետ քաշելու համար: Մի քանի մարդու ձերբակալել են։ Մզկիթի տնօրեն Օմար ալ Կիսվանիի խոսքով՝ ոստիկանությունն աննախադեպ, բարբարոսական հարձակում է իրականացրել։
«Ալ Աքսա մզկիթում տասնյակ մարդիկ են տուժել ռետինե փամփուշտներից»,– գրում է գործակալությունը:
Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա։
Արդեն մի քանի օր է` Արևելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են, սկզբում անկարգություններ գրանցվեցին Շեյխ Ջարախ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ տեղահանում են արաբների ընտանիքներին, իսկ մայիսի 7-ի երեկոյան բախումները տեղափոխվեցին Տաճարի լեռ, որտեղ հարյուրավոր հավատացյալներ էին հավաքվել:
Կարմիր մահիկի տվյալներով՝ վերջին օրերին տուժել է ավելի քան 300 պաղեստինցի, իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ 17 ոստիկան է տուժել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։