Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Արա Այվազյանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, որին զուգընթաց` անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»,–նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն էլ հայտնում է, որ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: