ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք ենք ակնկալում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը` հավելելով, որ Արմեն Գրիգորյանն ու Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդան հեռախոսազրույց են ունեցել։

«Գրիգորյանը, կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորել է Տաջիկստանի`որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց` որպես միջազգային անվտանգային կառույցի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանն իրադրությունը ընկալում է որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:

Մախմուդզոդան իր հերթին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:Նա պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակներում որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:

Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորել են մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, տեղեկացնում է Sputnik Armenia: