Մարտին Գալստյան․ Տրանսֆերտների աննախադեպ կտրուկ աճ ունենք

Հունիսի 15-ին հանդես կգանք տնտեսական աճի նոր կանխատեսմամբ, և, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճի կանխատեսումը կվերանայվի վերև, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Առաջին եռամսյակում մենք ակնկալում էինք, որ տնտեսական ակտիվությունը լինելու է - 6, սակայն այն եղավ - 2», - ասաց Մարտին Գալստյանը՝ նշելով, որ արդյունաբերությունը և ծառայության ոլորտը զարգացման դինամիկա են ցուցաբերել։

«Դրական զարգացումներ ունենք նաև մասնավոր փոխանցումների մասով, դա ֆենոմեն է, որն այս պահին ուսումնասիրում ենք։ Մեր նախնական գնահատականների համաձայն դա պայմանավորված է այլ պետությունների կողմից իրենց քաղաքացիներին տրամադրված օժանդակության չափով, մասնավորապես, ԱՄՆ-ում հսկայածավալ օժանդակություն է տրամադրվել բնակիչներին, որոնց թվում կան նաև Հայաստանի հետ փոխկապակցված անձինք, որոնք որոշակի տրանսֆերտներ են ուղարկում իրենց հարազատներին։ Դրանով է պայմանավորված, որ տեսնում ենք տրանսֆերտների աննախադեպ կտրուկ աճ», - ասաց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ տնտեսությունն այս պահին ավելի արագ է վերականգնվում, քան կանխատեսել են երկու ամիս առաջ, տեղեկացնում է Aysor.am-ը: