Եվրոպական խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը

Եվրոպական խորհրդարանը այսօր կայացած լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը, նաև անդրադարձ է արվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին Տեղեկությունը հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին Եվրոպական խորհրդարանի անդրադարձը` կարևոր կետերով.

- Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

- Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

- Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

- Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

- Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունել խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

- ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում։

- ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Ամբողջական բանաձև-զեկույցի քվեարկությունը տեղի կունենա այսօր երեկոյան, տեղեկացնում է Sputnik Armenia: