Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱԹԵՎ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԿԻՍԱՔԱՆԴ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստանի հարավային ուղղությամբ՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք հանդիսացող Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ վիճակում։

Նշեմ, որ հետպատերազմյան փուլում Գորիսը Որոտանի, Շուռնուխի միջոցով Կապան հասցնող հիմնական մայրուղու մի հատված ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ մի մասն անցնում է ադրբեջանական հենակետների և դիտակետների անմիջական մատույցներով։

Դեռ նախորդ տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված հիշվեց այլընտրանքային ճանապարհի մասին, տրվեց խոստումներ, սակայն լուրջ աշխատանք դեռևս չի տարվել և չնայած ճանապարհը երթևեկելի է ու մասնակի օգտագործվում է, սակայն նրա մի քանի տասնյակ կմ-ի հասնող հատվածը վերանորոգման/հիմնանորոգման խիստ կարիք ունի։

Միգուցե այն որևէ ծրագրով հաստատվել է, սակայն շատ վաղուց՝ որպես առաջնահերթություն, այդ աշխատանքները պետք է մեկնարկած լինեին։

Ստեղծված իրադրությունը ճգնաժամային, պայթյունավտանգ համարողները հետպատերազմյան փուլում որևէ լուրջ քայլ չեն կատարել Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխման, ռազմավարական նշանակության կոմունիկացիաների ստեղծման/արդիականացման ուղղությամբ, իսկ երկիրը շարունակվում է ընթանալ առանց վարորդի և բավականին բարձր արագությամբ»։

Tert.am