Եվրախորհրդարանը կոչ է արել իրականացնել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների խորքային վերագնահատում

ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են այնքան, որ ԵՄ-ին անհրաժեշտ է անցկացնել դրանց խորքային վերագնահատում: Այդ մասին ասվում է Թուրքիայի հարցով Եվրախորհրդարանի զեկույցում:

Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունն է՛լ ավելի է հեռվանում ԵՄ արժեքներից և ստանդարտներից, ինչի հետևանքով հարաբերությունները հասել են պատմական նվազագույնի, նշել են օրենսդիրները, որոնք հատկապես մտահոգված են օրենքի գերակայությամբ և հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքով:

Չորեքշաբթի ներկայացված զեկույցում հեղինակները պնդում են, որ, եթե Թուրքիան չչեղարկի ընթացիկ բացասական միտումը, Եվրահանձնաժողովը պետք է առաջարկի պաշտոնապես դադարեցնել անդամակցելու մասին բանակցություները:

Քննադատելով Թուրքիայում ռեգրեսիվ ինստիտուցիոնալ ռեֆորմները՝ պատգամավորները մտահոգություն են հայտնել «նախագահական համակարգի ավտորիտար մեկնաբանմամբ», որը մատնանշում է դատական համակարգի անկախության բացակայությունը և «շարունակական հիպերկենտրոնացումը»:

Նրանք նաև մտահոգված են Թուրքիայի թշնամական արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում պատերազմների մեջ դրա մասնակցությամբ, ինչը հակասում է ԵՄ-ի առաջնահերթություններին:

Եվրահանձնաժողովը նաև կրկնել է Թուրքիային ուղղված իր կոչը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, «ինչը ուղի կհարթի թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»:

Վերահաստատելով այն համոզմունքը, որ Թուրքիան իրենց հիմնական գործընկերն է տարածաշրջանում կայունության հաստատման համար՝ եվրախորհրդարանականները ընդունում են այդ երկրի հետ իրական և արդյունավետ երկխոսություն հաստատելու ուղղությամբ ԵՄ շարունակական դիվանագիտական ջանքերը:

Զեկույցում հիշեցվում է, որ Թուրքիան շարունակում է կարևոր դեր ունենալ գրեթե 4 միլիոն փախստականների հյուրընկալելու հարցում, որոնցից մոտ 3.6 միլիոնը սիրիացիներ են, և նշվում է, որ COVID-19 համավարակի պատճառով այս ճգնաժամի հաղթահարման խնդիրները էլ ավելի են խորացել: Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ միգրանտների և փախստականների օգտագործումը որպես քաղաքական ճնշման և շանտաժի գործիք անընդունելի է, տեղեկացնում է News.am: