Ռուս խաղաղապահները 3.5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտում հումանիտար ակցիա են անցկացրել:
ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Խաղաղապահներն ակցիայի ընթացքում Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրած մարդասիրական օգնությունը փոխանցել են բազմանդամ ընտանիքներին և բռնագաղթվածներին:
«Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների հայտի համաձայն, ռուս խաղաղապահները ավելի քան 3,5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել կարիքավորներին: Պատերազմից տուժած Արցախի շրջաններից բռնագաղթած և ներկայումս Ստեփանակերտում բնակվող մարդիկ կարողացան ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր` երեխաների և մեծահասակների հագուստ և կոշիկ, լվացքի փոշի, կերակուր պատրաստելու գազաօջախներ, տների ջեռուցման միջոցներ, անկողնային պարագաներ, բարձեր, վերմակներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական պարագաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին են փոխանցել ավելի քան 155 տոննա հումանիտար օգնություն՝ ներառյալ բժշկական սարքավորումներ և առողջության հաստատությունների առաջնային ախտորոշման պարագաներ, տեղեկացնում է Panorama.am-ը: