Հայաստանում անցկացվում է հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը
Հայաստանում անցկացվում է Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը, որը կազմակերպվել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից` Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Բացելով միջոցառումը` Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը նշեց, որ համաժողովը մի քանի անգամ հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական գործողությունների և ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառով: Նա տեղեկացրեց, որ ֆորումը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներին վերաբերող հարցեր: «Մենք կփորձենք հասկանալ, թե ինչն է Միացյալ Նահանգներին հետաքրքրում տարածաշրջանում` քաղաքական և աշխարհաքաղաքական տեսանկյունից: Մենք կփորձենք հասկանալ, թե ինչով մենք կարող ենք հետաքրքիր լինել տարածաշրջանում Միացյալ Նահանգներին և ինչ ենք ակնկալում Միացյալ Նահանգներից»,- ասաց նա: Ֆորումի երկրորդ մասում կքննարկվեն տարածաշրջանում Թուրքիայի դերին, հայ-թուրքական հարաբերություններին և դրանց ապագային վերաբերող հարցեր:
Իր հերթին, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը նշեց, որ նման ֆորումներն արժեքավոր են, քանի որ բարենպաստ միջավայր են ստեղծում ակադեմիական քննարկումների համար` թույլ տալով տարբեր գաղափարների անմիջական քննարկում անցկացնել: Նա նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունն առաջընթաց է արձանագրել մի շարք կարևոր ոլորտներում, հատկապես` բարեփոխումների ոլորտում: ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցել է կառավարության, բիզնեսի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ` օգնելու Հայաստանին ամրապնդել օրենքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, պահպանել կայուն և ներառական տնտեսական աճ, ներդրումներ կատարել մարդկանց առաջարկվող կրթական հնարավորություններում և ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել և պահպանել:
«Շուտով Հայաստանում տեղի կունենան ընտրություններ, որոնց բոլորս կհետևենք հատուկ ուշադրությամբ: 2018-ին Հայաստանը բարձր գնահատանքի արժանացավ խորհրդարանական ընտրություններում հիմնարար ազատությունների պաշտպանության և հասարակության վստահության համար: Հույս ունենք տեսնել, որ Հայաստանը կկրկնի այդ հաջողությունը կամ կգերազանցի այն բարձր նշաձողը, որին հասել էր երկուսուկես տարի առաջ»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը: