Ի՞նչ հմտություններ են որոշել կատարելագործել ադրբեջանական բանակում

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են դիվերսանտ խմբերի ոչնչացման և հակաահաբեկչական գործողությունների իրականացման հմտությունները, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի` զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը «լուծել են օրվա տարբեր ժամերին պայմանական թշնամու պաշտպանության խորքերը գաղտնի ներխուժման և դարան կազմակերպելու, ինչպես նաև հրամանատարական կետի և ռազմական նշանակության օբյեկտների գրավման խնդիրները»:

«Հատուկ ուշադրություն է դարձվել քողարկված տեղաշարժման կազմակերպմանը, դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, հակառակորդի սադրանքների ճնշմանը և հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրությանը»,- հավելել են ՊՆ-ում, տեղեկացնում է News.am: